ՀՕՖ-ը և HSBC բանկը ներդրում կանեն Տավուշի մարզում

Մեկնարկել է  Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) կողմից իրականացվող «Պատասխանատու ֆինանսական վարքագծի խթանում և բիզնես ակտիվության մեկնարկ գյուղական համայնքներում» ծրագիրը, որի բյուջեն կազմում է 14.5 միլիոն ՀՀ դրամ:

Ծրագրի նպատակն է Տավուշի մարզի 4 գյուղական համայնքների 140 ֆերմերների և երիտասարդների շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը, ինչը վերջիններիս կօգնի կայացնել գրագետ և կայուն ֆինանսական որոշումներ, ինչպես նաև կնպաստի ծրագրի մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների ու հմտությունների զարգացմանը: Բացի այդ, ծրագրի շրջանակներում մասնակիցներին մրցակցային հիմունքներով կտրամադրվեն դրամաշնորհներ ներկայացված լավագույն 20 բիզնես գաղափարների համար, որոնք կիրագործվեն Տավուշի մարզում, ներառյալ ծրագրի ակտիվ փուլի ավարտից հետո: Բիզնես ծրագրերը կնպաստեն շահառու համայնքների երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը:
«Այսօր, առավել քան երբևէ, ճիշտ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է ունենալ ֆինանսական գիտելիքներ: Հպարտ ենք, որ համագործակցում ենք HSBC Հայաստանի հետ Տավուշի մարզի գյուղական համայնքներում սույն կարևոր նախաձեռնության իրականացման նպատակով», – ասաց ՀՕՖ-ի տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Էրիկ Բաղդասարյանը՝ միաժամանակ շեշտելով, որ համավարակով պայմանավորված՝ դասընթանցները կանցկացվեն առցանց:
«HSBC-ն չափազանց կարևորում է համայնքների կայուն զարգացումը, որը հանդիսանում է երկրի տնտեսական զարգազման գրավականներից մեկը: Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր HSBC Հայաստանն իրականացնում է համայնքային զարգացման բազմաթիվ ծրագրեր բանկի` ֆինանսական գրագիտության և ձեռնարկատիրական հմտությունների խթանմանն ուղղված ռազմավարության շրջանակներում: Ծրագրի արդյունքում ընտրված բիզնես գաղափարների իրականացումը կնպաստի շահառու համայնքների երկարատև և կայուն զարգացմանը աշխատատեղերի ստեղծման և տեղական արտադրության խթանման միջոցով», – նշեց HSBC Հայաստանի հանրային ծրագրերի համակարգող Նորա Նազարյանը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email