Երևանում նշվել է Պարի միջազգային օրը

Պարի միջազգային օրվա առթիվ ապրիլի 29-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպվել է տոնական հանդիսություն՝ տարբեր պարային խմբերի, պետական անսամբլների մասնակցությամբ։

Միջոցառման մեկնարկը տրվել է կարմիր գորգի արարողությամբ։
Համերգային երեկոյին հանդես են եկել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն», Թ․ Ալթունյանի անվան երգի-պարի և Պարի պետական անսամբլները, ինչպես նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջը և Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ազգային բալետային խումբը։


Ներկայացվել են տեսաշարեր՝ նվիրված պարարվեստի ոլորտի նվիրյալներին։ Նշենք, որ 2023 թվականը հոբելյանական է․ նշվում են Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակը, Էդվարդ Մանուկյանի 115-ամյակը, Թերեզա Գրիգորյանի 100-ամյակը, Ազատ Ղարիբյանի 100-ամյակը, Արտյուշա Կարապետյանի 95-ամյակը, ինչպես նաև Թ․ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի 85-րդ և Պարի պետական անսամբլի 65-րդ հոբելյանները։

Միջոցառումը կազմակերպել էր նորաստեղծ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Զարկ» ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամի հետ համատեղ։

Facebook
Twitter
Telegram
Print
Email