Վահագն Հայրապետյանի լեգենդար ԿԱՏՈՒՆԵՐ խումբը վերջապես առաջին անգամ հանդես կգա մեծ բեմում: Համերգը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի12-ին Հայաստանի Օպերայի և Բալետի Ազգային Թատրոնում ժամը 19:30-ին:
2004 թվականին ջազի ամենատարբեր ուղղություններում իր հետաքրքրությունն ու ձեռագիրը գտած, հանրահայտ դաշնակահար Վահագն Հայրապետյանը հիմնադրեց ԿԱՏՈՒՆԵՐԸ, Հայաստանում ջազը բռնեց նոր ուղի՝ էքսպերիմենտալ, համարձակ և ազգային դիմագծով։ Նրանց երաժշտությունը հեղափոխություն էր հայկական ջազի, և ընդհանրապես, հայաստանյան երաժշտախմբերի հնչողության մեջ։ ԿԱՏՈՒՆԵՐԻ ձևավորած ջազային ուրույն ոճը հետագա տարիների համար նշաձող և ուղեգիծ հանդիսացավ կայացած և նորաստեղծ բազմաթիվ խմբերի համար, որոնք իրենց երաժշտության մեջ փորձում էին ազգային մշակույթի տարրեր օգտագործել։ Այսօր հայկական ֆոլկի մշակումները տարածված են բոլոր երաժշտական ոճերում, և առանձնապես՝ ջազում։ Այս իրողության մեջ ԿԱՏՈՒՆԵՐՆ ունեն իրենց հիմնարար դերը, ինչպես հայկական էթնո/ֆոլկ ջազի, այնպես էլ՝ համապատասխան լսարան ձևավորելու հարցում։

Տարբեր ժամանակահատվածներում խումբը համալրելեն բազմաթիվ երաժիշտներ, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումով հարստացրել ու լրացրել է խմբի աստիճանաբար զարգացող և ամրապնդվող ոճը։ ԿԱՏՈՒՆԵՐԻ շնորհիվ հայկական ջազը նորովի ներկայացել է աշխարհի տարբեր բեմերում և փառատոններում։ Երկար դադարից հետո խումբն այսօր կրկին բեմում է՝ նոր, երիտասարդ կազմով: