Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի համանուն բեմադրությունը համալրեց «Թատրոն կայարան»-ի խաղացանկը: Երաժշտական ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ հոկտեմբերի 28-ին:
Նորաստեղծ թատրոնի գեղարվեստական ղեկավար և ներկայացման բեմադրիչ Կարապետ Քարաջյանի կարծիքով հայկականությունն ընդգծող ներկայացումներն այսօր առավել քան կարևոր են ու արդիական, իսկ Աղայանի սիրված հեքիաթի նման ձևաչափով բեմադրությունը՝ երևանյան թատրոններում առաջին անգամ:
«Այս նհեքիաթն ինքնին չունի ժամանակայնություն և կարևոր են այն գլխավոր արժեքները, որոնք մենք փորձել ենք ընդգծել նաև բեմադրության մեջ: «Անահիտ»-ն արծարծում է հայրենասիրության, աշխատասիրության, ծնողների նկատմամբ հոգատարության և հարգանքի, միմյանց նկատմամբ փոխադարձ սիրո կարևորությունը»,-նշեց բեմադրիչը, կարևորելով՝ հեքիաթն ասելիք ունի հատկապես մեծահասակներին:
Նախրապանի աղջկա՝ Անահիտի կերպարում դերասանուհի Աելիտա Գևորգյանն է: Նա իր հերոսուհուն նմանեցնում է Մայր Հայաստանին:
«Անահիտը ուժեղ, հայրենասեր կնոջ հավաքական կերպար է, ով սիրում է, պայքարում է և հարկ եղած դեպքում պատրաստ է կանգնել իր հայրենիքի, ծնողների և իր սիրած տղամարդու կողքին»:
Մեսրոպ Աբտոյանը սիրով է ընդունել թատրոնի հետ համագործակցելու և Վաչագանի կերպարում հանդես գալու առաջարկը: Նրա կարծիքով՝ սա հնարավորություն է նաև կանգնել մշակութային նոր կառույցի՝ «Թատրոն Կայարան»-ի կողքին, աջակցելու և հզորացնելու այն իր գործընկերների հետ:
Բեմադրության վրա թատերախումբն աշխատել է մոտ 4 ամիս, այն համեմված է հայկական երգ ու պարով, բեմանկրչությամբ, որն ամբողջացնելու համար իրենց ներդրումն են ունեցել թատրոնի մյուս մասնագետները: Ներկայացման համար երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը, պարերը բեմադրել է Նակա Միրզոյանը, իսկ նկարիչն Արեգ Միրիջանյանն է:
Թատրոնի փոխտնօրեն Անդի Սողոմոնյանն ընդգծում է՝ թատրոնի այս և մյուս ներկայացումները կլինեն հայաստանյան մի շարք սահմանամերձ թատրոնների և մշակութային օջախների բեմերում:
«Մեր թատրոնը ստեղծման պահից իր առջև խնդիր ունի առաջ մղել մշակույթի այս ճյուղը: Մեր կարևորագույն նպատակներից է՝ թատրոնին մոտ լինելու հնարավորություն տալ այն երիտասարդներին, որոնք ինչ-ինչ պատճառներով ներկայացումներ դիտելու հաճույքից զրկված են: Սրանով են պայմանավորված այս մեկ տարվա ընթացքում մեր թատրոնի շրջագայությունները մի քանի մարզերում: Մենք մյուս տարվա համար նախատեսել ենք հնուրախաղերով լինել նաև սահմանամերձ մարզերի որոշ գյուղերում և համայնքներում, իսկ Երևանում շատ երեխաներ ներկայացումներ դիտելու հնարավորություն կստանան, ինչպես այսօր, մեր գործընկեր «Ararat view Garden»-ի շնորհիվ»: