Կայացավ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի երևանյան պրեմիերան

Մարտի 10-ին Մոսկվա կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի «The First Features» մրցութային ծրագրում ընդգրկված, «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի երևանյան պրեմիերան:

Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք վերացբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չի, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:

«Երբ որ քամին հանդարտվի ֆիլմը, որի երևանյան ցուցադրությունը հայտնի պատճառներով հետաձգվեց, մեծ արձագանք է ունեցել Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում:
Ռեժիսորը պնդում է՝ ինքը նպատակ է ունեցել ստեղծելու ֆիլմ, որն առանց քաղաքական կոնտեքստի կմատնանշի Արցախյան ժաղովրդի ու տարիներ ձգված հակամարտության խնդիրը: Դա է նաև պատճառը, որ ֆիլմում գրեթե չի հնչում հարևան , բայց և թշնամի, պետության անունը: Նորա Մարտիրոսյանի խոսքով՝ եվրոպական թեթև բարքերով ապրող մարդիկ, ովքեր անգամ ծանոթ չեն հակամարտությանը, հասկացել են, թե ինչ նպատակ ունի իր ֆիլմը: Նրան ուրախացրել է նաև այն փաստը, որ ֆրանսիական նշանավոր լրատվամիջոցներից մեկը ֆիլմի մասին իր ակնարկն անվանել է՝ «Ճանաչում Արցախին ֆիլմով, ոչ թե քաղաքականությամբ»:

6-րդ CINEMANIA-ի ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակին արժանացած ֆիլմը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։ Ֆիլմի վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերությունները․ հայկական՝ «անԷվա պրոդաքշն» , ֆրանսիական՝ «Սիսթր պրոդաքշն» , բելգիական՝ «Կվասսա Ֆիլմս» ։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության և եվրոպական այլ ընկերությունների ֆինանսական աջակցության, Կաննի փառատում ներկայանալու և ֆիլմն այս օրերին Հայասատաում ցուցադրելու կարևորությունն ընդգծեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը.
«Կարծում եմ՝ հայկական կինոյի համար սա մեծ հաջողություն է, քանի որ սովետական և հետսովետական շրջանում որևէ հայկական կինոնկար չի ներկայացվել Կաննի միջազգային կինոփառատոնում, իսկ Նորայի շնորհիվ նման հնարավորություն ընձեռվեց»:
Կինոկենտրոնի տնօրենը նաև ընդգծեց, որ այժմ էմոցիոնալ առումով ֆիլմը շատ ավելի դժվար է ցուցադրել, քանի որ վավերագրություն է դարձել և դիտողի մոտ նույնիսկ կարոտի զգացում կառաջանա:

«Ինձ համար  շատ հետաքրքիր ճամփորդություն էր: Չգիտեմ, թե ինչու էր անհրաժեշտ այն, բայց ինչ-որ մեկը ժամանակին գրել է՝ ճամփորդությունները պետք են, որ վերջապես հասնես ինքդ քեզ: Իսկ ըստ իս՝ երբեմն ճամփորդության ես մեկնում, որ հասնես ճամփորդին: Ինձ համար սա յուրահատուկ ճամփորդություն էր, որի շնորհիվ կարողացա բացահայտել այս երկնային դրախտը՝ Արցախը»,- նշեց ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորող ֆրանսիացի դերասան Գրեգուար Քոլինը:

Ֆիլմում իրենց առանձնահատուկ մասնակցությունն են ունեցել խենթ հայի հավաքական կերպարը մարմնավորող, երբեք զենքը վայր չդնող Վարդան Պետրոսյանը, հայրենի հողն ու ջուրը ամենից շատ կարևորող Արման Նավասարդյանը, Հայկ Բախրյանը, Դավիթ Հակոբյանը, Նարինե Գրիգորյանը:
Բնապատկերների և դեմքերի չտեսնված կադրերով հարուստ ֆիլմում իր հետաքրքիր դերակատարումն ունի  փոքրիկ տղան, որը ջուր վաճառելով, դժվարություններ հաղթահարելով, փորձում է գումար հավաքել, որպեսզի տատը ստիպված չլինի վաճառել իրենց հողը: Ինչպես մյուս հերոսների, ֆիլմի խորհրդանիշ օդանավակայանի, Արցախի, այնպես էլ փոքրիկ տղայի ճակատագիրն է անորոշ մնում ֆիլմում:
Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը նշում է՝ այո՛, ինչպես առաջ, այնպես էլ հիմա՝  արցախյան ժողովրդի ազատ շնչելու և ճախրելու երազանքի իրականացման ամբողջ բեռն ու պատասխանատվությունը ապագա սերնդի ուսերին է և պատահական չէ, որ թռիչքը մենք ֆիլմում տեսնում ենք փոքրիկի աչքերով ու միջոցով:

Facebook
Twitter
Telegram
Print
Email