Կայացավ «Երեք գույն. ծիրանագույն» ներկայացման առաջնախաղը

Հոկտեմբերի 25-ին և 26-ին Երևանի Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կայացավ դերակատարների հուշերի և իրական պատմությունների վրա հիմնված «Երեք գույն. ծիրանագույն» ներկայացման առաջնախաղը:

Բեմադրության հեղինակն ազգությամբ ռուս ռեժիսոր Իլյա Մոշչիսկին է, ով իր երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված Սանկտ-Պետերբուրգից տեղափոխվել է Հայաստան ու առաջին անգամ սկսել համագործակցությունը երևանյան թատրոններից Համազգային թատրոնի հետ: Մինչ Երևան տեղափոխվելը ռեժիսորն աշխատել է Մոսկվայի Վ. Մեյերխոլդի անվան մշակույթի կենտրոնում և մի քանի ներկայացումներով հյուրախաղերով հանդես եկել Ռուսաստանի Դաշնությունում: Բազմաթիվ հաջողությունների կողքին կարելի է առանձնացնել նրա՝ «Ջոն Դեմյանջուկի դատավարությունը. Հոլոքոստի կաբարե» պիեսը, որի համար արժանացել է «Բեկում» մրցանակի՝ «Լավագույն ռեժիսոր» (2018 թ.) անվանակարգում։
Ռեժիսորի բեմադրությունները ցուցադրվել են շատ փառատոների շրջանակներում. 2018 թ. նրա «Ամբողջ Շեքսպիրը» ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել Էդինբուրգի հանրահայտ թատերական փառատոնի «Fringe» ծրագրի շրջանակներում։
Այսօր նրա և Համազգայինի  համագործակցությամբ  թատրոնի խաղացանկը համալրվել է նմանը չունեցող նոր բեմադրությամբ:

« Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Երևանում, թեև այնքան էլ հրաշալի չէին այստեղ գալու դրդապատճառները: Փետրվարին տեղափոխվեցի Հայաստան ու սկսեցինք այս ներկայացման աշխատանքները: Երևանն ու այս թատրոնի անձնակազմն ինձ շատ ջերմն են ընդունել, ես ուրախ եմ այս համագործակցության համար»,- մեզ հետ զրույցում նշեց Իլյան:
Հետագա համագործակցությունների և թատրոնի հետ այլ բեմադրություններ անելու պլանների մասին վաղ է խոսելը՝ նշում է և՛ ռեժիսորը, և՛ թատրոնի գեղարվեստական կազմը. ամեն ինչ կախված է նաև այս ներկայացման հաջողությունից:
«Ներկայացումն իմ երևակայությունն է՝ համեմված դերակատարների իրական պատմություններով: Այս աշխատանքը պետք է գնահատի միմիայն հանդիսատեսը, այն բառերի մեջ տեղավորելու նկարագիր չունի»,- նշեց ռեժիսորը, հավելելով՝ այն պետք է դիտել, հետո դժվար թե կիսատ հարցեր մնան:
«Երեք գույն. Ծիրանագույն» ներկայացման մեջ հիմնականում ընդգրկված է թատրոնի երիտասարդ կազմը՝ Ժաննա Վելիցյանը, Մարիա Սեյրանյանը, Արմինե Անդրեասյանը,
Կարինե Ծատուրյանը, Զառա Հակոբյանը, Աելիտա Գևորգյանը, Մերի Մարգարյանը, Լուսինե Մանուկյանը, Անդրանիկ Միքայելյանը, Միշա Հակոբյանը, Հարություն Սարգսյանը, Սերգեյ Թովմասյանը և Գագիկ Մադոյանը: Նրանք ոգևորված են Իլյայի հետ աշխատելու հնարավորությամբ:

«Ճախրող լամպը» ներկայացման բեմադրիչ Մերի Մարգարյանն ուրախ է լինել հակառակ կողմում, խաղալ և սովորել փորձառու գործընկերոջից շատ ավելին:
«Ինձ համար շատ հետաքրքիր էր և ,միաժամանակ, բարդ լինել բեմում դերասան և ոչ բեմադրիչ, սակայն ինքս ինձ համար սահմանել եմ նշաձող՝ բաց չթողնել հնարավորությունը սովորել ու կատարելագործվել ամեն օր: Այս ընթացքում կոտրվեց բոլոր այն սովորություններն ու կարծրատիպերը, որոնք մենք ունեինք փորձերի, ներկայացման պայմանականությունների մասին: Իլյայի և թատրոնի ավագ գործընկերների հետ աշխատելու ընթացքում հասկացա նաև, թե որքան բարդ է դերասանների աշխատանքը, սակայն կարևոր է վերջնարդյունքը և այն, կարծում եմ, հրաշալի է»:

Սերգեյ Թովմասյանի համար այս աշխատանքը կրկնակի բարդ էր, քանի որ դերասանն ընդգրկված էր մեկ այլ նոր ներկայացման մեջ, սակայն բաց թողնել այլ ձեռագիր ունեցող ռեժիսորի հետ աշխատելու հնարավորությունը, բնականաբար, չէր կարելի:
«Դերասանի համար կարևոր է տեղում չդոփել ու նոր փորձառություններ ձեռք բերելը: Ես ինձնից երիտասարդ գործընկերներց սովորելու շատ բան ունեմ, և ամեն հնարավոր ջանք գործադրում և ամեն տարբերակ գտնում եմ դրա համար: Իլյա Մոշչիսկիի հետ աշխատանքը հենց այդ հնարավորություններից մեկն էր, որը ես բաց չթողեցի, չնայած խիստ զբաղվածությանը: Շատ կարևոր էր այս բեմադրությունը, քանի որ այն հնարավորություն էր բեմից խոսել անչափ կարևոր թեմաների մասին: Իմ պատմությունը բնության փրկության և մեր՝ մարդկանց հրեշագործությունների մասին է: Եթե հակիրճ ձևակերպեմ այն գլխավոր միտքը, որն իմ կերպարն ուզում է հասցնել, կլինի հետևյալը՝
«որքան լավը կլիներ մոլորակն առանց մեզ…»»:

Գագիկ Մադոյանի կարծիքով ռուս ռեժիսորի հետ աշխատանքը կարևորագույն բաներից էր, որ տեղի ունեցավ թատրոնում, նա հայտնություն էր, որի աշխատանքով դերասանը հասցրել էր հիանալ ավելի վաղ:
«Առաջին անգամ, երբ ներկա էինք նրա բեմադրություններից մեկին, նա դահլիճից հանդիսատեսից ոչ պրոֆեսիոնալ մեկին ընդգրկեց ներկայացման մեջ և այնպես սահուն, որ ես այդ պահին հասկացա՝ հրաշալի կլիներ աշխատել նրա հետ: Ինչպես տեսնում եք՝ այսօր մենք արդեն ունենք այդ հնարավորությունը: Իմ կերպարն այս պատմության հետ չունի առնչություն. Նա դուրս է կանգնած, վեր է կանգնած, նա թույլ չի տալիս, որ մարդիկ խորանան իրենց խնդիրների մեջ և անընդհատ ասում է ճշմարտությունը, արթնացնում մարդկանց… այն շատ նման է ինձ, կարող եմ ասել, որ ինձ համար նույնպես կյանքի իմաստը հենց կյանքն է»:

«Իլյայի մոտեցումներն ու ձեռագիրն ինձ համար սկզբում տարօրինակ էր, ապա՝ շատ հետաքրքիր: Սա մեզ համար, կարծում եմ, նոր փորձառություն էր, և ուրախ եմ, որ հնարավորություն էր տրված այս ներկայացման մեջ ներգրավվել բոլորին, այդ թվում՝ ինձ»,- նշում է թատրոնի դերասան Հարություն Սարգսյանը, հավելելով,-«այս բեմադրությունն իրական է այնքանով, որ մեր հերոսները մեր հուշերն են, և մտացածին է այնքանով, որ այդ հուշերի ներկայացման համար կան ռեժիսորական լուծումներ: Մեր կերպարները պատմում են այն, ինչ երբևէ չեն պատմել որևէ մեկին… անչափ բարդ է քո իրականությունը բերել բեմ ու այն ներկայացնել, սակայն այս բեմադրության շնորհիվ, օրինակ, մայրս իմացավ, որ ինձ հետ կատարված ամենալուրջ իրադարձություններից մեկի առանցքում հենց ինքն է»:

Ներկայացման գլխավոր ասելիքը մեկն է՝ ինքդ քեզ կգտնես այստեղ. բոլոր պատմությունների հիմքում մարդն է իր ողջ էությամբ, ուժեղ և թույլ կողմերով, վախերով և ուրախություններով, չարագործությամբ և բարության դրսևորումներով, կյանքի բոլոր լույսերի ու գույների մեջ մաքուրը գտնելու կարողությամբ:

Facebook
Twitter
Telegram
Print
Email