Եվրոպական Երիտասարդական Պառլամենտ Հայաստանը նշում է հիմնադրման 9-ամյակը

Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Եվրոպական Երիտասարդական Պառլամենտ (ԵԵՊ) Հայաստանի 9-ամյակին նվիրված միջոցառումը։
Եվրոպական երիտասարդական պառլամենտը կրթական անկախ ծրագիր է, որը միավորում է երիտասարդների ամբողջ Եվրոպայից՝ քննարկելու արդիական հիմնահարցեր խորհրդարանական ձևաչափով։ Մի խումբ երիտասարդների ջանքերով «ԵԵՊ Հայաստան» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵԵՊ ցանցի լիիրավ անդամ է դարձել 2012 թվականին։ Այսօր ԵԵՊ-ն Եվրոպայի ամենախոշոր երիտասարդական ցանցն է, իսկ Հայաստանում ԵԵՊ ներկայացուցչությունը ցանցի ամենարագ աճող և արդեն ամենամեծ ազգային մասնակիցների քանակն ունեցող կառույցներից է։
ԵԵՊ Հայաստանը հանդիսանում է դեբատների, միջմշակութային շփման, կրթական աշխատանքի իրականացման և նորարական գաղափարների փոխանակման բացառիկ հարթակ հայ երիտասարդների համար:
ԵԵՊ Հայաստանի հիմնադրման 9-ամյակի միջոցառման ընթացքում ներկայացվեցին ԵԵՊ Հայաստանի՝ այս տարիների ընթացքում ունեցած կարևորագույն իրադարձությունները, ձեռքբերումներն ու նորությունները։

ԵԵՊ Հայաստանի հիմնադիր Սյուզաննա Շամախյանը, վերհիշելով տարիներ առաջ Կազմակերպության ստեղծման նախադրյալներն ու պատմությունը, նշեց.
«Մինչև 2012  թվականը՝ փորձեր արվում էին ԵԵՊ Հայաստան բերելու, բայց տարբեր պատճառներով  չէր հաջողվում։ Սակայն դպրոցներ, համալսարաններ այցելելով հստակ գիտակցում էինք, որ կարիք կա որևէ նման կառույցի, որի շնորհիվ երիտասարդների ձայնը լսելի կդառնա, նրանք կինտեգրվեն հասարակությանն ու մասնակից կդառնան կարևոր որոշումների կայացման գործընթացում։ Տեսնելով այդ բացն ու հնարավորությունները, և ինքներս զրկված լինելով նման հնարավորություններից, հաստատակամ էի, որ պետք է փորձենք ներկայացուցչությունը բերել Հայաստան։ Մի քանի ընկերներով հավաքվեցինք և որոշեցինք ամեն բան անել, որպեսզի այս անգամ հաջողվի Հայաստանը դարձնել ԵԵՊ-ի անդամ։ Իհարկե հեշտ չէր, հիշում եմ՝ ինչպես էին շատերը կասկածամիտ, որքան պետք է համոզեինք կրթական հաստատությունների ղեկավարներին նման հնարավորությունների կարևորության մասին։ Հեշտ չէր, բայց շատ հետաքրքիր ճանապարհ էր, և այսօր տեսնելով արդյունքները, վստահ կարող եմ ասել, որ արժեր այն ամենը, ինչը հաղթահարել ենք, որովհետև ձեռք ենք բերել շատ ավելինը. իսկապես հպարտ եմ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կամավորներին ու մեր թիմակիցներին, որոնց նվիրվածության, պատրաստակամության և աշխատասիրության շնորհիվ կարողացել ենք Կազմակերպությունը ծառայեցնել իր նպատակին»։

ԵԵՊ Հայաստանի գործադիր խորհրդի նախագահ Լևոն Թադևոսյանն ամփոփելով Կազմակերպության 9 տարիների գործունեությունը՝ նշեց.
«ԵԵՊ Հայաստանի կողմից իրականացվել է 120-ից ավել ծրագիր, որոնք տարբեր մասշտաբների են եղել՝  գյուղաքաղաքային, քաղաքային, համայնքային, մարզային, ինչպես նաև համապետական։ Այդպիսի ծրագրերից մեկը  2019-ին ենք իրականացրել, որի շրջանակում աշխարհի  40 երկրներից շուրջ 350 մասնակից մեկ շաբաթից ավելի անցկացրին Հայաստանում, ծանոթացան նաև մեր մշակույթին ու պատմությանը։ Այդ կոնֆերանսի ընթցաքում քննարկվեցին ինչպես ներհամայնքային այնպես էլ համապետական խնդիրների լուծման, կառավարման արդյունավետ ուղիներին և այլ թեմաներին վերաբերող հարցեր։ Ընդհանուր առմամբ ԵԵՊ Հայաստանի կողմից կազմակերպված ծրագրերին մասնակցել է 1000 երիտասարդ արտերկրից, 300-ից ավելի հայ երիտասարդ հնարավորություն է ունեցել մեկնել Եվրոպական տարբեր երկրներ՝ կոնֆերանսների»։ 
Հարցին, թե ինչպես կգնահատեն ԵԵՊ Հայաստանի գործունեությունը, Լևոն Թադևոսյանը պատասխանեց, որ քանի դեռ կան հետաքրքրվողներ, և դրանց թիվն օրեցօր աճում է, ինչպես նաև կան ծրագրեր, որոնք ընդունվում են պետական կառույցների կողմից, ուրեմն իրենք ճիշտ ուղու վրա են։ ԵԵՊ Հայաստանի կողմից մշակված դասընթացի շրջանակում 2022 թվականին Եվրոպական երկրներից  երեսունից ավելի մասնակից ժամանելու է Հայաստան՝ դասընթացին մասնակցելու և հետագայում իրենց պրակտիկայում դա կիրառելու նպատակով։ Ըստ Լևոն Թադևոսյանի՝ սա նշանակում է, որ ԵԵՊ Հայաստան  որպես կազմակերպություն արդեն իր սեփական պրոդուկտն է առաջարկում արտերկրում։ 

2022 թվականին ԵԵՊ Հայաստանը կնշի հիմնադրման 10-ամյակը, որի շրջանակում բազմաթիվ խոշոր ծրագրեր և միջոցառումներ են ակնկալվում։
ԵԵՊ Հայաստանի կառավարող խորհրդի նախագահ Դավիթ Մանուկյանը ներկայացրեց Կազմակերպության հետագա անելիքներն ու խոշոր ծրագրերը, որոնցից մեկը REACT-ն է:
«Ինչպես մեր բոլոր, այնպես էլ հետագա ծրագրերն ուղղված են երիտասարդությանը, որպեսզի վերջինս լինի ավելի բանիմաց, գիտակից ու իրազեկ քաղաքացի և իմանա, թե ինչպես իր ձայնը դարձնել լսելի, մասնակից լինել որոշումների կայացման գործընթացում։ 2022-ի ամենամեծ ծրագրերից մեկը REACT-ն է, որի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում տեղի են ունենալու փոքրիկ ֆորումներ, երիտասարդները ներկայացնելու են իրենց համայնքային խնդիրներն ու դրանց լուծման իրենց տարբերակներն ու տեսլականը։ Մենք էլ փորձելու ենք դրանք փոխանցել տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի իմանան, թե ինչպես է մտածում այսօրվա երիտասարդությունը և թե ինչ գաղափարներ ունի սեփական համայնքի ու երկրի զարգացման համար։ Ֆորումներից հետո արդեն կլինի մեծ կոնֆերանս, որում ներկա ամենաակտիվ դելեգատները հնարավորություն կունենան մեկնել Ռիգա և Իսլանդիա՝ ներկայացնելու Հայաստանը»։
ԵԵՊ Հայաստանի 9-ամյակի միջոցառմանը նաև ներկա էին Հայաստանում Եվրոպական երկրների դեսպանատների, պետական մարմինների, կրթական հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների և երիտասարդությանը հարող ոլորտների ներկայացուցիչներ։

Facebook
Twitter
Telegram
Print
Email