Կայացավ «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի տոնի կապակցությամբ, Կինոպարկում կայացավ արդեն սիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման պրեմիերան:

Դեռ 2016թ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված այս ստեղծագործությունը, հանդիսատեսին ստիպեց վերապրել 2020թ ծանր ապրումները: Ֆիլմում չկան պատերազմական կադրեր, չեն լսվում կրակոցներ ու թնդանոթի պայթյուններ. այն սպասման, անելանելիության ու մեր մեջ առկա արժեքների բախման մասին է: 
Ֆիլմի գլխավոր ուղերձն, ըստ ռեժիսոր Արշալույս Հարությունյանի, շնորհակալություն հայտնելն է.
«Սա մեր երախտիքի խոսքն է բոլոր մայրերին, թիկունքում ապրող բոլոր մարդկանց, ովքեր սրտի տրոփյունով առաջնագծից իրենց հարազատներին էին սպասում: Բոլոր պատերազմները տարբեր են և ծանր, բայց մայրերի ապրումները չեն փոխվում, դրանք միշտ նույնն են»:
««Հարսանիք թիկունքում» ներկայացումը կայացած էր, իսկ ֆիլմի վերածելն, իհարկե, դժվար էր»,-նշում է ռեժիսորը, հավելելով՝ արվել է առավելագույնը, որ ներկայացման համն ու հոտը չկորցնեն, և հենց սա է պատճառը, որ ֆիլմը նկարահանվել է բեմի վրա:
«Տղերքը պահանջում են, որ մենք ապրենք»,- ասում է սեփական հարսանիքը կիսատ թողած գլխավոր հերոսը, պատերազմից տուն վերադառնալով, հուշելով՝ հանուն բոլոր ընկած հերոսների, պետք է ոտքի կանգնել:

Նախագծի հեղինակը Տիգրան Վիրաբյանինն է,պրոդյուսերը՝ Արման Միտոյանը: Ֆիլմում  զբաղված են նույն դերասանները՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Հարությունյանը, Տարոն Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը, Ջեմմա Ադամյանը և այլք: Ֆիլմի կոմպոզիտորը Հայկոն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Նկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան: Զգեստների նկարիչ՝ Լուսինե Խաչատրյան: Սցենարը՝ Անահիտ Աղասարյանի,
Բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի, նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի:

Facebook
Twitter
Telegram
Print
Email