Նոյեմբերի 2-ին և 3-ին Համազգային թատրոնում կայացավ Ու. Գիբսոնի «Հրաշագործը» ներկայացման առաջնախաղը: Բեմադրությունը, որի հեղինակը Նիկոլայ Ծատուրյանն է, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնների համատեղ նախաձեռնությունն է:
Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշում է՝ այս համագործակցությունը տարիների ցանկություն է, որը վերջապես իրականացավ:
Ներկայացումը հասցրել է սիրվել և մեծ հնչեղություն ստացել Գյումրիում՝ անցնելով լեփ-լեցուն դահլիճներում: Գեղարվեստական ղեկավարն ուրախ է, որ մայրաքաղաքի հանդիսատեսը հնարավորություն ունի՝ վայելելու երկու թատրոնների համատեղ աշխատանքը:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն, ով նաև ընդգրկված է բեմադրության մեջ, այս համագործակցությունը թատրոնների համար նոր հնարավորությունների սկիզբ է համարում՝ տարբեր բեմադրիչների, նոր ձեռագրերի և մոտեցումների ներգրավմամբ:
Ներկայացման կարևոր միտքը, ըստ Նարինե Գրիգորյանի, չհանձնվելն ու պարտվողականությունը մի կողմ թողնելն է, եթե գիտես՝ որն է քո նպատակը. խոսքը միայն հիվանդ երեխային բուժելու արդյունքի մասին չէ:
Ներկայացման բեմադրիչը Նիկոլայ Ծատուրյանն է, ով վաղուց ուներ այս ստեղծագործությունը բեմադրելու ցանկություն: Բեմադրիչը նշում է՝ իր երազանքն էր այս դրաման բեմադրելը. այն իրականացավ:
Բեմադրությունը ամերիկացի գիտնական, մաթեմատիկոս Հելլեն Քելլերի մասին է, ով լինելով կույր և խուլ, արվեստի բնագավառում ստացավ բակալավրի աստիճան, իսկ գիտության ոլորտում՝ Նոբելյան մրցանակ: Նրան այդ ճանապարհին օգնեց նրա ուսուցչուհին՝ սովորեցնելով յոթամյա աղջնակին հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ:
Գլխավոր դերակատարները ՀՀ Վաստակավոր արտիստ, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանն է, Տաթև Ղազարյանը, Գյումրու թատրոնի դերասաններ Արփինե Մխիթարյանը, Սարգիս Ղարիբյանը, Սեդա Մկրտչյանը, Ֆրունզիկ Ամիրխանյանը, ՀՀ Վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը և նրանց կողքին իննամյա Անգելինա Զաքարյանը:
Հելլենին մարմնավորող Անգելինա Զաքարյանի կարծիքով հրաշքները կատարվում են, և այս ներկայացումը ոչ այն ինչ է, քան իր պատկերացրած հրաշքի իրականացումը. նա բեմում է՝ տարիների փորձ ունեցող դերասանների կողքին: