Կայացել է «Ասպիրանտների աջակցության» 2020 ծրագրի ամփոփիչ միջոցառումը

Օրերս տեղի ունեցավ PMI Science-ի աջակցությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող Ասպիրանտների աջակցության ծրագրի (PhD Support Program) 2020 թվականի հաղթողների պաշտոնական հայտարարման և վկայագրերի հանձնման արարողությունը։

Միջոցառման ընթացքում, ասպիրանտների և նրանց գիտական ղեկավարների մասնակցությամբ, տեղի ունեցավ նաև կլոր-սեղան քննարկում՝ գիտության ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծումների
վերաբերյալ: Մասնավորապես՝ քննարկվեցին երիտասարդներին գիտության տարբեր ուղղություններում ակտիվ ներգրավելու, հետազոտությունների համար անհրաժեշտ միջոցների և սարքավորումների, գիտության ոլորտում քաղաքականության և իրավական դաշտի վերաբերյալ հարցեր և հնարավոր լուծումներ։

Ասպիրանտների աջակցության ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանի
համալսարանների ու հետազոտական ինստիտուտների երիտասարդ գիտնականներին իրականացնելու իրենց
հետազոտական և գիտական նախագծերը՝ տրամադրելով ֆինանսավորում և օժանդակություն։
Այս տարի Ասպիրանտների աջակցության ծրագիրը նվիրվել է ականավոր երիտասարդ գիտնական Հրայր
Ազիզբեկյանի հիշատակին։ Ծրագրի շրջանակում ֆինանսավորում է ստացել 10 ասպիրանտ, ովքեր
հետազոտություններ են կատարում հետևյալ ուղղություններով՝ Մաթ. մոդելավորում, Սիմուլյացիայի
մոդելավորում, Տեխնոլոգիական օժանդակությամբ համակարգերի և փորձարկումերի նախագծում, Ջերմային
ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ, Արդյունաբերական և համակարգային ինժեներիա, Էլեկտրոնային
ինժեներիա, Նախատիպավորում, Նյութագիտություն, Վերլուծական քիմիա, Օրգանական նյութեր
(բիոպլաստիկ, բիոկերամիկա, բիոպոլիմերներ), Աերոզոլային գիտություն, Թունաբանություն, Կիրառական
ու փորձարարական ֆիզիկա, Կիրառական մաթեմատիկա, Մեքենայական ուսուցում և Արհեստական
բանականություն։

2018 թվականից մինչ օրս Ասպիրանտների աջակցության ծրագրի և Հետազոտական թիմերի
ֆինանսավորման ծրագրի շրջանակում ներգրավվել են 30 ասպիրանտներ և 45 թիմեր՝ ձևավորելով
յուրօրինակ գիտական համայնք և արձանագրելով էական հաջողություններ տարբեր ուղղություններում։
Այդ համայնքին անդամակցելով, այս տարվա հաղթող ասպիրանտները ևս հնարավորություն կունենան
մասնակցելու տարբեր միջոցառումների և համագործակցելու ոլորտում փորձառու մասնագետների հետ։

Facebook
Twitter
Telegram
Print
Email