Սինեմա Սթարում կայացավ «Վիշապ» հայկական առաջին կոմիքսի շնորհանդեսը

2020 թվականը կամ առնետի տարին մեծ փորձությունների, դժվարությունների, կյանքի ու հայացքների վերաարժեվորման տարի էր ամբողջ աշխարհի, և հատկապես հայերի համար: Բարու և չարի կռիվը, թերևս, մենք՝ հայերս, ամենալավն ենք պատկերացնում: 
Դեռևս սեպտեմբերի կեսերին որպես միտք ծնված, իսկ այժմ արդեն տպագրված «Վիշապը» հայկական արտադրության առաջին կոմիքսն է, որի շնորհանդեսը կայացավ դեկտեմբերի 30-ին՝ Սինեմա Սթար կինոթատրոնում:

Հայ սուպերհերոս ունենալու միտքը ծագել է պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանի և Արման Միտոյանի մոտ, որից հետո նրանց միացել է «Արմքոմեդի» նախագծի համահեղինակ և վարող Նարեկ Մարգարյանը, և հենց նա էլ դարձել է կոմիքսի հեղինակը, ապա գաղափարը կիսել նկարիչ Անդրանիկ Ասատրյանի հետ և արդյունքում ստացվել է երևանյան փողոցներում թափառող հայ սուպերհերոսի մասին պատմող հայկական կոմիքսը:

Նարեկ Մարգարյանը կոմիքսներով հետաքրքրված է եղել դեռ  11 տարեկանից, իսկ այն ստեղծելու ցանկությունը երկար ժամանակ կյանքի չի կոչել պարզ պատճառով՝ Հայաստանում սուպերհերոսական ժանրը  այնքան էլ հայտնի չի եղել:
«Վերջին տարիներին զգացի, որ պահը հասունանում է հայ սուպերհերոս ունենալու։ Կոմիքսը գրվել է մի քանի շաբաթում»,- ասում է հեղինակը, հավելելով, որ առաջին մասի հաջողությունից ելնելով՝ կպլանավարովի նաև կոմիքսի հաջորդ մասերի լինելիությունը:
 Կոմիքսը գրական, բայց երևանյան հայերենով է գրված, իսկ առաջնահերթությունը տրված է  կերպարների պահպանմանը և ավելի բնական լինելուն: Նարեկ Մարգարյանի կարծիքով՝ հերոսի՝ Հայկի հետ ճամփորդությունը միայն դրական ազդեցություն կունենա.
«Այս կոմիքսը սովորեցնում է բարու և չարի պայքար, իսկ հերոսն ունի  ոչ կարծրատիպային մտածելակեպ։ Արդարության համար պայքարում արագ լուծումներ գտնելու ունակություն է նաև սովորեցնում»։
Պրոդյուսերների հետ քննարկումների ընթացքում, իհարկե, ձևավորվել էր հերոսի որոշակի նախատիպ, որին Նարեկ Մարգարյանն ավելացրել է իր մտքերը, սակայն վերջնական արդյունքը ստացել նկարչի՝ Անդրանիկ Ասատրյանի հետ:

Կոմիքսի գործադիր պրոդյուսեր Դավիթ Միրոյանի կարծիքով վիշապը կսիրվի, քանի որ նա մեզանից մեկն է և նրա խնդիրները մեզ խորթ չեն:
«Մենք ամեն ինչ անում ենք, որ նա մասսայական դառնա: Ըստ իս՝ կոմիքսը կարող է լինել ամանորյա հրաշալի նվեր, ի վերջո, սա կլինի նաև աջակցություն հայ արտադրողին: Թիրախային լսարանը, իհարկե, երեխաներն են, սակայն քիչ չեն կոմիքսի սիրահարները նաև մեծահասակների շարքում: Կոմիքսի սիրահարները լավ գիտեն, որ այս ձևաչափը շարունակական է լինում, այս թողարկումը կոչվում է «Տուրբո կնոջ հարձակումը», պատմությունն ավարտուն է, սակայն այլ զարգացումներ կլինեն հետագա թողարկումներում»,- նկատեց պրոդյուսերը:

«Վիշապ»-ի նկարիչ Անդրանիկ Ասատրյանի համար էլ սա կոմիքս նկարելու առաջին փորձը չէ, սակայն այսպատմությունը ստեղծելիս աշխատանքը մի փոքր այլ է եղել: Քանի որ կոմիքսն իր մեջ նաև ներառում է նաև հասարակական պատասխանատվության շեշտը՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հոգատարություն ցուցաբերելու համար, նկարիչը վստահ է՝ այս պատմության մեջ ամեն մեկը կգտնի իր հերոսին և կարժևորի նրա կատարած բարի քայլերը:

Հայ «Վիշապ»-ը ապրում է  Երևանում, իր արկածներով աչքի ընկնում մեր հարազատ քաղաքում, օրինակ՝ Կասկադում, հայտնվում Փակ շուկայի մոտ, նրա խնդիրները նույնպես վերցված են մեր կյանքից, ինչն ավելի հետաքրքիր ու գրավիչ է դարձնում կոմիքսը: Ի դեպ սուպերհերոսի հետ ծանոթանալու էին եկել Սոս Ջանիբեկյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ստեփան Ղամբարյանը, Արման Նշանյանը, ռեժիսոր-ամուսիններ Արշո Հարությունյանն ու Լուսինե Երնջակյանը, «Compass Band»-ի տղաները և այլ հայտնիներ:

Facebook
Twitter
Telegram
Print
Email