4 ոսկե և 3 բրոնզե մեդալ՝ Վորոնինի գավաթի խաղարկությունից

Ռուսաստանի Պենզա քաղաքում կայացել է մարմնամարզության Միխայիլ Վորոնինի գավաթի 27-րդ խաղարկությունը, որտեղ Հայաստանը ներկայացրել են Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանն ու Հայաստանի հավաքականի անդամ Արմեն Պետրոսյանը։ Արթուր Դավթյանը հիանալի է հանդես եկել թե՛ բազմամարտում, թե՛ առանձին գործիքների եզրափակիչներում՝ նվաճելով 4 ոսկե և 2 բրոնզե մեդալ, իսկ Արմեն Պետրոսյանը, որը բանակից զորացրվելուց հետո առաջին միջազգային մրցաշարին էր մասնակցում, նվաճել է 1 բրոնզե մեդալ։

Բազմամարտում Դավթյանն անգերազանցելի է եղել 82,899 միավորով և դարձել ոսկե մեդալակիր։ Առանձին վարժություններում նա գրանցել է հետևյալ արդյունքները՝
Ազատ վարժություն` 13,600 միավոր,
Նժույգթափեր` 14,000 միավոր,
Օղակներ` 14,166 միավոր,
Հենացատկ` 14,400 միավոր,
Զուգափայտ` 13,500 միավոր,
Պտտաձող` 13,233 միավոր:

Արմեն Պետրոսյանը բազմամարտում 73,800 միավորով գրանցել է 9-րդ արդյունքը։ Առանձին գործիքների եզրափակիչներում Արթուր Դավթյանը ոսկե մեդալակիր է դարձել նժույգթափերում, հենացատկում և ազատ վարժությունում։ Հայաստանի բազմակի չեմպիոնը երկու բրոնզե մեդալ էլ նվաճել է օղակների և պտտաձողի եզրափակիչներում, իսկ Արմեն Պետրոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել զուգափայտեր վարժությունում։
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մարզիկների ելույթներից գոհ է: Մարզչի խոսքով՝ նրանց անհրաժեշտ էր այս մրցաշարը.
«Արթուրը նախապատրաստվում է Օլիմպիական խաղերին, իսկ Արմենը բանակից զորացրվելուց հետո որևէ միջազգային մրցաշարի չէր մասնակցել։ Նախ ուրախալի է, որ նա մարմնամարզությունը չթողնելու որոշում է կայացրել, բայց և հասկանալի է, որ երկարատև դադարից հետո մարզավիճակ ձեռք բերելը հեշտ չէ։ Այս մրցաշարը նրա համար «ստուգարք» էր, հնարավորությունները հասկանալու լավ առիթ։ Իր ներկայիս մարզավիճակի պայմաններում Արմենը լավ հանդես եկավ, իսկ Արթուրը, կարելի է ասել, ինչ-որ տեղ գերազանցեց սպասելիքները»։
Վորոնինի գավաթի խաղարկությունից առաջ Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացրել Մինսկում, ինչը, մարզչի խոսքով, օգնել է պատերազմից հետո փոքրիշատե ուշքի գալ․
«Այս մրցաշարը և դրան նախորդած հավաքը մեզ օգնեցին փոքր-ինչ սթափվել։ Կորոնավիրուսի համավարակը, ապա պատերազմը բնականաբար ազդել էին հավաքականի ընդհանուր մթնոլորտի վրա, մարզումների վրա կենտրոնանալը շատ բարդ էր։ Հաջորդ տարվա համար ծրագրերը շատ են, սակայն այս անորոշ վիճակում դժվար է ասել՝ դրանք կկայանա՞ն, թե՞ ոչ։ Ամեն դեպքում մենք պետք է լավագույնս պատրաստվենք առաջիկա մրցաշարերին, մեդալներ նվաճենք և բարձր գլխով շրջենք. սա էլ մեր կռիվն է»։

Facebook
Twitter
Telegram
Print
Email