Կայացավ «Լադանիվա» խմբի երևանյան մենահամերգը

«Լադանիվա» ֆրանսիական խումբը, որը «Քեֆ չի լինի» երգի շնորհիվ մեծ ճանաչում գտավ և սիրվեց Հայաստանում, առաջին անգամ մենահամերգով հանդես եկավ  Երևանում:

Հայկական, բալկանյան և այլ հին ու նոր հիթերով խումբը փայլեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ լցնելով հանդիսատեսի երեկոն դրական հույզերով ու էներգիայով:
Այս համերգը խմբի, հատկապես, վոկալիստ Ժակլին Բաղդասարյանի համար ամենասպասվածներից էր. երգչուհին երեք տարեկան է եղել, երբ հեռացել է Հայաստանից:
Չնայած 2005 թվականից պարբերաբար այցելել է հայրենիք՝ նորից բացահայտելու Հայաստանը, սակայն նախորդ այցերին Ժակլինը երկար ժամանակ է անցկացրել իր ծննդավայրում՝ Եղեգնաձորում: Այս անգամ երգչուհին նախատեսում է լինել Գառնիում, Գեղարդում, Էջմիածնում: Երգչուհին հույս ունի, որ Հայաստան հաջորդ այցի ժամանակ հնարավորություն կունենան լինել տարբեր մարզերում և նորովի ճանաչել երկիրը:
«Լադանիվան» ճամփորդելու մեքենա է, որով և խմբին դիմավորել են Հայաստանում, իրենց երաժշտությունը ևս ճանապարհորդում է ամբողջ աշխարհում՝ վստահեցնում են խմբի անդամները, չնայած՝ չեն հասցրել լինել շատ երկրներում: Խմբի անդամները, որոնք առաջին անգամ են Հայաստանում, հիացած են երկրով ու մարդկանց ջերմությամբ: Խմբի բոլոր կատարումները  ծափողջույններով ուղեկցվեցին, սակայն բուռն արձագանք ստացավ, հատկապես, արդեն շատ սիրված «Քեֆ չի լինի» երգը. խումբն այն կատարեց երկու անգամ:
Ժակլինը խոստովանում է, որ շատ ոգևորված է  հայրենիքում լինելու և համերգով ներկայանալու համար: Երգչուհուն գրավում են հայկական գորգերը, նախշերը, և համերգի ընթացքում խմբի բոլոր 10-ն անդամները ներկայացան ոտաբոբիկ՝ հայկական  գորգերի վրա, էկրաններին ևս հայկական տարրերով նախշեր էին: Այս համերգը նաև բարդ և դժվարին իրավիճակում մարդկանց հույս ներշնչելու միջոց է, խմբի հայուհին վստահ է՝ մշակույթը պետք է իր տեղն ունենա և փոխի մարդկանց կյանքը:
Ժակլինը, տարված լինելով մեր մշակույթով, նախատեսում է հատուկ հայկական տարրերով հագուստներով ներկայանալ, խոստանում՝ հայկական երգերով, մեղենդինեով ու պարերով լի համերգային ծրագրով վերադառնալ հայրենիք:

Facebook
Twitter
Telegram
Print
Email