Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարները քննադատել են ՖԻԴԵ-ին

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարներ Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանն ու Գաբրիել Սարգսյանը սոցիալական ցանցերում սուր քննադատության են ենթարկել Շախմատի միջազգային ֆեդերացիային. պատճառը՝ օնլայն Օլիմպիադայի ժամանակ Ռուսաստանի և Հնդկաստանի թիմերին չեմպիոններ ճանաչելն է:

Լևոն Արոնյանը թվիթթերի իր ալիքում գրել է. «Պետք է ենթադրել, որ ինչպես միշտ, մեզնից ոմանք քիչ անջատված են ինտերնետից, քան մյուսները»: Նա նաև մատնանշել է #1984՝ ակնարկելով Օրուելի «1984» հակաուտոպիան։
Գործընկերոջ անհանգստությունը կիսել է Էլինա Դանիելյանը՝ ՖԻԴԵ-ում իսկապես կարծո՞ւմ են, որ իրենք ամենախելացին են, իսկ մյուսները ապուշ են։
«Ամոթ և խայտառակություն նրանց՝ իրենց փչացած և գարշահոտ գործունեությամբ։ Այս ամենից հետո նրանք պետք է հրաժարական տան։ Սա մեծ խայտառակություն է շախմատի համար»,- թվիթը եզրափակել է Էլինա Դանիելյանը։
«Ինչպիսի խայտառակություն։ Արկադի Դվորկովիչ և Էմիլ Սուտովսկի, դուք ձախողվեցիք։ Դուք ամբողջ շախմատային աշխարհին ցույց տվեցիք, որ չունեք բարոյական սկզբունքներ»,- իրադարձություններին անդրադառնալով գրել է Գաբրիել Սարգսյանը։

Բանն այն է, որ եզրափակիչում հաղթանակ  տարավ Ռուսաստանի թիմը. առաջին ռաունդում գրանցվել էր ոչ ոքի՝ 3։3։ Երկրորդ ռաունդում 4,5։15 հաշվով հաղթել Ռուսաստանի թիմը, սակայն Հնդկաստանը բողոքարկել է վերջին երկու պարտիաները chess.com-ի սերվերի հետ կապի ընդհատման պատճառով։ Այդ պարտիաներում հաղթանակ էին տարել ռուս շախմատիստները։
ՖԻԴԵ-ն որոշեց երկու թիմերին էլ ճանաչել հաղթող, թեև բողոքարկման բավարարման դեպքում, պետք էր շարունակել պարտիաները ընդհատման պահից։ Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Հայաստանի թիմը Հնդկաստանի հետ դիմակայության առաջին ռաունդում դարձյալ սերվերի հետ կապի ընդհատման պատճառով Հայկ Մարտիրոսյանի տանուլ տված պարտիան բողոքարկել էր, սակայն ՖԻԴԵ-ն չէր բավարարել բողոքարկումը։ Հայաստանի թիմը բոյկոտել էր և հրաժարվել հետագա պայքարից։

Facebook
Twitter
Telegram
Print
Email