ՀՀ դեղարտադրության, կրթության և գիտության զարգացմանն ուղղված ծրագրեր «Լիկվոր» դեղագործական ընկերությունից

Հայաստանում դեղարդյունաբերության առաջատար «ԼԻԿՎՈՐ» ընկերությունն իր գործունեության 30-ամյակի միջոցառումները մեկնարկեց R&D (Research and Development) գիտահետազոտական կենտրոնի բացումով, և համագործակցության հուշագրեր կնքեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և Երևանի պետական համալսարանների հետ:
Հուշագրերի համաձայն, կողմերը համագործակցելու են մի շարք ուղղություններով, իրենց ջանքերը, ներուժը, միջոցներն ու փորձը մեկտեղելով ի նպաստ՝ ՀՀ-ում դեղարտադրության, կրթության և գիտության ոլորտների զարգացմանը, երիտասարդ մասնագետների գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման, բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին աշխատանքի ապահովման և կարիերայի զարգացման հնարավորությունների ստեղծմանը։
30-ամյակի միջոցառումների շրջանակում «ԼԻԿՎՈՐ» ընկերությունը նաև հիմնել է անվանական կրթաթոշակներ. «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան» կրթաթոշակ է տրամադրվելու ԵՊԲՀ-ի Դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի վերջին կուրսի՝ առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողին: ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ուսանողին էլ կտրամադրվի «Պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննեսի Մաթևոսյանի անվան» կրթաթոշակ:
Իսկ «Մաթևոսյան Զարգացման հիմնադրամի» կողմից, յուրաքանչյուր ֆակուլտետի մագիստրատուրա ընդունված ու բարձր առաջադիմություն ունեցող ևս 3 ուսանող կստանան 2021թ.-2022թ. ուսումնական տարվա ուսման վճարի 50%-ի չափով փոխհատուցում:
Համալսարանների հետ համագործակցության շրջանակում «ԼԻԿՎՈՐ»-ում նախատեսվում են ուսումնական և արտադրական պրակտիկաներ, որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ «ԼԻԿՎՈՐ»-ի արտադրության գործընթացին, սկզբունքներին ու առանձնահատկություններին ինչպես նաև R&D գիտահետազոտական կենտրոնի գործունեությանը, որտեղ իրականացվելու են դեղագործության և կենսատեխնոլոգիաների ոլորտի հետազոտություններ, որոնց նպատակն է ստեղծել թերապևտիկ բարձր արդյունավետություն ունեցող դեղամիջոցներ։
Ընկերությունում նաև ստեղծվելու է ուսումնական հարթակ և ԵՊԲՀ դեղագիտության ֆակուլտետի և ԵՊՀ-ի ֆարմացիայի ինստիտուտի ուսանողներին, որպես ուսումնական ծրագրի մաս, հատկացվելու են հատուկ դասաժամեր՝ պատշաճ արտադրական և պատշաճ լաբորատոր գործունեության (GMP, GLP) ուսումնասիրման նպատակով:
Իր 30 տարվա պատմության ընթացքում «ԼԻԿՎՈՐ»-ը շարունակաբար կատարելագործել է արտադրությունը՝ գործունեությունը կազմակերպելով միջազգային ստանդարտներին համապատասխան և ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ: Ընկերությունը դեռևս 2013-ին Կովկասի տարածաշրջանում առաջինն է արժանացել դեղամիջոցների արտադրության ոլորտում եվրոպական ստանդարտներին համապատասխանության պատշաճ արտադրական գործունեության GMP հավաստագրին: Այսօր «ԼԻԿՎՈՐ»-ը ներկայանում է որակյալ, թերապևտիկ բարձր արդյունավետությամբ ներարկման, ներերակային և ակնաբուժական դեղամիջոցների ավելի քան 50 անուն արտադրատեսակով: «ԼԻԿՎՈՐ»-ը նաև առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանից արտահանվող դեղերի ծավալով. հայկական արտադրության «ԼԻԿՎՈՐ» դեղամիջոցները ներկայացված են Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email