Բասկետբոլի Ա լիգա․ «Ուրարտուն» առաջատարն է

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բասկետբոլի VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանը։

Ընթացիկ խաղարկությունում դեռևս անպարտելի է «Ուրարտուն», որն օրերս հինգերորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ 131-78 հաշվով առավելության հասնելով ՖԻՄԱ ակումբի նկատմամբ:
Ավելի վաղ «Ուրարտուն» 101-78 հաշվով հաղթել էր «ԱԻԱ Սթարսին», 101-72 հաշվով առավելության էր հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ, 96-86 հաշվով հաղթել էր «Էրեբունիին», 79-77 հաշվով էլ առավելության էր հասել «Գյումրիի» նկատմամբ։ 5 խաղից հետո «Ուրարտուն» 10 միավորով գլխավորում է Ա-Լիգայի մրցաշարային աղյուսակը։

Մրցաշրջանում իր ելույթներն է սկսել նաև «Արցախը»՝ առաջին խաղում 74-86 հաշվով պարտություն կրելով «Արարատ» ակումբից: Արդեն երկրորդ խաղում «Արցախը» 100-92 հաշվով հաղթել է «ԱԻԱ Սթարսին», այնուհետև 100-95 հաշվով առավելության է հասել ՖԻՄԱ ակումբի նկատմամբ: Եվս մեկ խաղում «Արցախը» 107-103 հաշվով զիջել է «Գյումրիին»։
Ի դեպ, «Գյումրին» և «Էրեբունին» 5 խաղից հետո հավասար՝ 8-ական միավոր ունեն և մրցաշարային աղյուսակում բաժանում են 2-3-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով «Էրեբունին» երկրորդն է։

Նոյեմբերի 23-ին, 24-ին և 25-ին VBET Ա-Լիգայի չորս հանդիպում կկայանա։ «Արարատը» նոյեմբերի 23-ին կմրցի «ԱԻԱ Սթարսի» հետ։ Խաղը կմեկնարկի ժամը 21։00-ին։ Վաղը՝ նոյեմբերի 24-ին, «Էրեբունին» կմրցի ՖԻՄԱ-ի հետ, իսկ «Գյումրին» ուժերը կչափի ԲԿՄԱ-ի հետ։ Խաղերը համապատասխանաբար կմեկնարկեն ժամը 19։00-ին և 21։15-ին։ Առաջատար «Ուրարտուն» էլ նոյեմբերի 25-ին կմրցի «Արարատի» հետ։ Խաղի սկիզբը 21։00-ին է։

Facebook
Twitter
Telegram
Print
Email