Համաշխարհային արշավ ընդդեմ թուրքական արտադրանքին

Համաշխարհային արշավ է սկսվել թուրքական տնտեսության դեմ, որն արդեն անդնդի եզրին է կանգնած։ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը նույնպես հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է ժամանակավորապես արգելել թուրքական ծագման մի շարք ապրանքների ներմուծումը Հայաստան։ 

Ինչպես նշվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ՝ այս առաջարկի համար հիմք է հանդիսացել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրիքայի ակնհայտ ներգրավվածությունը։ Վերջինը ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին։
Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, որոնց հաշվին, այդ թվում, հնարավորություն է ստեղծում թուրքական իշխանություններին դրանք ուղղորդել Ադրբեջանին սատարելուն:
«Թուրքիայի իշխանություններն իրենց հրահրող կոչերով, Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ, տարածաշրջան վարձկան-ահաբեկիչների տեղափոխմամբ խարխլում են տարածաշրջանում կայունությունը և տապալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու դրան ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Սեպտեմբերի 27-ից, երբ Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի ուղղությամբ, հայ հասարակության շրջանում արդեն իսկ ակցիաներ են տեղի ունենում՝ բոյկոտելով թուրքական ապրանքները։ Ի դեպ, որոշ խոշոր խանութներ և սուպերմարկետներ, առցանց խանութներ և անհատներ ադեն իսկ հայտարարել են, որ հրաժարվում են վաճառել թուրքական ծագման որևէ ապրանք։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծումների միջոցով կամ տեղական արտադրության շնորհիվ։ 2019 թվականին Թուրքիայից ներմուծված 128 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ապրանքների կազմում, վերջնական սպառման ապրանքները կազմում են մոտ 100 մլրդ դրամ։ Միջանկյալ սպառման ապրանքների արժեքը կազմում է 28 մլրդ դրամ. խոսքը տարատեսակ արտադրությունների համար ներմուծվող հումքի մասին է։
Նախագծի հիմնավորման մեջ նաև շեշտված է, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը չի հակասում ԵԱՏՄ-ում մեր ունեցած պարտավորություններին: Միայն թե՝ օրենքը հնարավորություն է տալիս 6 ամսով արգելք սահմանել։
Մասնավորապես, համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում (այսուհետ՝ Պայմանագիր) առկա դրույթների՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։
Նշենք, որ այս գաղափարը դեռևս նախագծի տեսքով է։ Այն պետք է ներկայացվի Կառավարության և Ազգային ժողովի դատին։ Ընդունվելու պարագայում թուրքական ծագման ապրանքների արգելքը ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից և կգործի վեց ամիս ժամկետով: Չի բացառվում, որ վեց ամիս անց ևս արգելքը երկարաձգվի։
Ի դեպ՝ ինչպես արդեն նշել էինք, բազմաթիվ երկրներ, ինչպես օրինակ Սաուդյան Արաբիան, բոյկոտ են հայտարարել թուրքական արտադրանքին բոլոր ոլորտներում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email