Կայացավ աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարած երևանյան համերգը

Առաջին անգամ Հայաստանում հյուրախաղերով հանդես են եկել աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, «musicAeterna» նվագախումբը, երգչախումբը, պարային խումբը և «musicAeterna byzantina» երգչախումբը:
Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ առաջին համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում՝ Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիա (ըստ Դանթեի), իտալական կապրիչո, «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք ֆանտազիա (ըստ Շեքսպիրի):

Հոկտեմբերի 16-ին Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչել է Ալֆրեդ Շնիտկեի կոնցերտ ա կապելլա երգչախմբի համար՝ ըստ Գրիգոր Նարեկացու բանաստեղծական տեքստերի:

Նշենք, որ տեղի են ունեցել համերգներ նաև Զվարթնոցի տաճարում. «musicAeterna Danse» խումբը հանդես է եկել «Տառապանքը բոլոր լեզուներով նույն կերպ է հնչում» պարային պրեմիերայով (պարուսույց՝ Վլադիմիր Վառնավա, ռեժիսոր՝ Աննա Գուսևա) և Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում. «musicAeterna» և «musicAeterna byzantina» երգչախմբերը ներկայացրել են «Հավերժական լույս» ծրագիրը:

Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Էկոնոմիկայի նախարարությունների աջակցությամբ: Կազմակերպիչներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Արամ Խաչատրյան» համերգասրահը: Ծրագրի հեղինակ՝ Վարդուհի Նազարյան:

Facebook
Twitter
Telegram
Print
Email