Համազգային թատրոնում կայացավ «Ճախրող լամպը» ներկայացման առաջնախաղը

Փետրվարի 6-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կայացավ ամերիկացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և գրող Վուդի Ալլենի «Ճախրող լամպը» պիեսի համանուն ներկայացման առաջնախաղը:

Ներկայացումը Փոլի՝ փխրուն ու երկչոտ տղայի մասին է, որը երազում է զբաղվել հրաշագործությամբ։ Նա ապրում է մի ընտանիքում, որտեղ միմյանց չեն հանդուրժում։ Նրա ծնողներն էլ ժամանակին երազանքներ են ունեցել, որ չեն իրականացրել ու հիմա փորձում են խանգարել Փոլին իրականացնել իր երազանքը։ Նրանք կարծում են, որ նա պիտի լինի իրատես և իր հարմար աշխատանք գտնի։

Մոգական հնարքներով այս ներկայացման բեմադրիչը երիտասարդ ռեժիսոր Մերի Մարգարյանն է, ով 2020թ.-ին է ավարտել համալսարանը: Մերին համավարակի պատճառով չկարողացավ ներկայացնել ավարտական աշխատանքը, որը, սակայն, առանց մոգության կամ կախարդանքի հայտնվեց Համազգայինի բեմում: 
«Իհարկե, երբ ընդունվում էի համալսարան, երազում էի այն օրվա մասին, որ պետք է խոնարհվեմ հանդիսատեսի առաջ, որպես ռեժիսոր, բայց միայն հիմա եմ զգում այդ ամենի արժեքը, հաճույքը, երբ մոտենում ու շնորհավորում են՝ ստացված աշխատաքնի համար»,-նշում է Մերի Մարգարյանը,- հավելելով,- «Կարող եմ ասել, որ իմ երազանքը իրականացել է, որովհետև  ես հնարավորություն ունեմ աշխատելու այսպիսի կայացած ու պրոֆեսիոնալ դերասանների հետ: Բախտս իսկապես բերել է ու այստեղ չկա ոչ մի մոգություն»:

Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, Վարշամ Գևորգյանը, Մխիթար Ավետիսյանը, երիտասարդ դերասաններ Նարեկ Բաղդասարյանը, Հարություն Սարգսյանը և Միլենա Ղազարյանը:

Գլխավոր հերոսին՝ Փոլին, մարմնավորում է Նարեկ Բաղդասարյանը, ով վախերը հաղթահարելու և երազանքին հասնելու սեփական փորձն ունի:
«Ինձ Փոլի կերպարը տեղ հասցնելն այնքան էլ բարդ չէր, քանի որ ինքս ժամանակին հաղթահարել եմ հանդիսատեսի առաջ կանգնելու վախը, ինչն իմ կերպարի մոտ չի ստացվում: Բայց այս ներկայացումը առաջ նայելու ու երազանքին հասնելու համար ձգտումներ ունենալու մասին է: Հերոսիս մայրն էլ ասում է՝ երազել չի նշանակում ունենալ: Ես էլ եմ այդպես մտածում, որ միայն երազելը բավական չէ, պետք է նպատակասլաց լինել»,-նշում է Նարեկ Բաղդասարյանը:

Ներկայացման համար ռեժիսորն ու դերասանները աճպարարական հատուկ պատրաստվածություն են անցել: Հնարքները սովորելու համար դերասանների, մասնավորապես Նարեկ Բաղդասարյանի հետ, աշխատել է Գագիկ Դանիելյանը, ինչպես նաև օգնել է գտնել ներկայացմանն անհրաժեշտ աճպարարական իրեր: Ռեժիսորը նշում է, որ մի քանի դաս հետո դերասանը ոչ միայն տիրապետել է որոշակի տեխնիկայի, այլ կատարելագործել է իր հնարքները: 

Ներկայացումը, հագեցած լինելով աճպարարությամբ և մոգությամբ, վեր է հանում նաև կարևոր այլ խնդիրներ. Փոլը, որն արտաքինից ավելի փխրուն է երևում, կամային հատկանիշներով իրականում ավելի ամուր է, քան իր ծնողները և մնացած գործող անձինք։ Փոլին սենյակից հանելու, բոլորին նման դարձնելու ու ինքնամփոփությունը փոխելու ձգտումը, օգնում է նրա մորը, ով իր երազանքը կորցրել էր առօրյա հոգսերի արանքում: 

Ներկայացման իրականացման աշխատանքներում կարևոր դեր է ունեցել նաև բեմանկարիչ Անուշ Բաղդասարյանը, ով հետաքրքիր ու մինիմալիստական լուծումներ է ստացել. բեմում զուգահեռ իրականություն է, միաժամանակ ընկալելի են  բոլոր հերոների գործողություններն ու ապրումները՝ հրաշալի երաժշտական ձևավորմամբ, որը իրականացրել է Նարեկ Բաղդասարյանը: 
Լուսանկարները՝ Շանթ Սևագի:

Facebook
Twitter
Telegram
Print
Email