Վանաձորի դրամատիկական թատրոնում կայացավ «Ընթրիք հիմարի հետ» ներկայացման առաջնախաղը

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը թատերասերներին ներկայացրեց նոր, հրաշալի ներկայացում՝ ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» կատակերգությունը:

Բեմադրող ռեժիսորը Սարգիս Մանուկյանն է, ում բնորոշմամաբ  այս կատակերգությունը դեղահաբ է՝ անտիդեպրեսանտ:
«Ես ընտրել եմ  այս կատակերգությունն այն ակնկալիքով, որ հանդիսատեսը մի փոքր թեթևանալու ու լիցքաթափվելու հնարավորություն կունենա»,-նշում է Սարգիս Մանուկյանը, հավելելով,-«Ֆրանսիացի դրամատուրգի ստեղծագործությունը անհատ-հասարակություն բարդ փոխհարաբերությունների ու հասարակական ընկալումների մասին է, որտեղ հետաքրքիր լուծումներով արտացոլված են նաև այսօրվան բնորոշ բարքերն ու ընկալումները»:
Ներկայացման առանցքային օրը չորեքշաբթին է. հենց այդ օրն է մեծահարուստ երիտասարդների խումբը կազմակերպում  հանդիպում «‎հիմարի» հետ:
Եվ ում «հիմարը» համոզիչ է, նա ստանում է մրցանակ:
Երբ հերթը հասնում է Բրոշանին, նա շատ է ուրախանում, քանի որ վերջերս էր ծանոթացել մի «հիանալի» հիմարի հետ:
Նա համոզված է, որ մրցանակն իր գրպանում է լինելու, բայց իրադարձությունները այլ կերպ են զարգանում….

Ֆրանսուա Պինյոնին (հիմարին) մարմնավորում է Աբելյան թատրոնի երիտասարդ դերասան Հակոբ Դեմիրճյանը, հրատարակիչ Պիեռ Բրոշանի կերպարը կերտել է Ժիրայր Գաբրիելյանը: Ներկայացման երաժշտական ձևավորումն իրականացրել է Արեն Օսիպյանը, իսկ նկարչական ձևավորումը՝ բեմադրող ռեժիսոր Սարգիս Մանուկյանը:

Ներկայացման մեջ ներգրավված են նաև Համլետ Գյուլզադյանը՝ Արշամբոյի, Վահրամ Խառատյանը՝ Լուսիեն Շովալի, Արման Սաքանյանը՝ Ժուստ Լյոբլանի, Մարիամ Ղևոնդյանը՝ Կրիստինա Բրոշանի, Տաթև Պետրոսյանը՝ Մառլենի դերում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email