Վ. Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացման առաջնախաղը՝ Վանաձորի պետական դրամատիկական թատրոնում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել առաջնախաղ. hանդիսատեսի դատին է հանձնվել Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացումը։

Ներկայացումը նվիրված է Վիլյամ Սարոյանի 115-ամյակին։
Ներկայացումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից «Թատերական Երևան» դրամաշնորհային մրցույթի շրջանակում։ Մրցույթին ներկայացված 23 հայտերից ընտրվել է 9-ը, այդ թվում՝ Վանաձորի թատրոնը:
Մրցույթի նպատակն է Երևանում և մարզերում թատերական կյանքի ակտիվացումը, թատերարվեստի և մշակույթի այլ ճյուղերի ներկայացուցիչների համախմբումը մեկ նախագծի շուրջ։ 2024 թվականին բեմադրությունը կներկայացվի նաև մայրաքաղաքի հանդիսատեսին։


«Սա այս տարվա թատրոնի վեցերորդ ու սպասված պրեմիերան է։ Վ․ Սարոյանը` որպես բազմաշերտ հեղինակ, տարրալուծվել է իր գրեթե բոլոր ստեղծագործություններում։ Սարոյանը նաև այն հեղինակն է, որին և՛ հեշտ, և՛ անչափ դժվար է մոտենալը․ արտաքին պարզության մեջ խորը ենթաշերտեր են, որոնք բացելը և՛ համարձակություն է ենթադրում, և՛ պրոֆեսիոնալիզմ, և՛ բարձր պատասխանատվություն։ Կարծում եմ, որ բեմադրիչի այս մեկնաբանությունը կլրացնի Վ․ Սարոյանի գրական ժառանգության մասին այն պատկերացումները, որն ունի մեր հանդիսատեսը։ Պետք է նշեմ նաև հրաշալի թարգմանության մասին, որի հեղինակը մեր թատրոնի դերասան, դրամատուրգ, ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանն է։ Վերջապես, Սարոյանի այս պիեսը լավատեսության, հույսի ու բարության հաղթանակի մասին է, ինչի կարիքն այսօր շատ ունենք»,- նշել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը։

Ներկայացման ռեժիսոր, բեմադրիչ Արեն Օսիպյանի հավաստմամբ՝ Վիլյամ Սարոյանին անդրադառնալը մեծ պատասխանատվություն էր, սակայն թատրոնի ստեղծագործական թիմը մեծ ոգևորությամբ է ստանձնել աշխատանքը՝ յուրահատուկ շեշտադրումներով բեմադրությունը ներկայացնելու հանդիսատեսին։

«Բեմադրական աշխատանքները շատ բուռն են ընթացել, բավական շատ դերասաններ են զբաղված ներկայացման մեջ։ Ասեմ, որ այս ներկայացման համար գրվել է հատուկ երաժշտություն, որի հեղինակը Գոռ Թադևոսյանն է։ Ներկայացման դերասանական կազմում նաև երեխաներ կան։ «Ոստրեն ու Մարգարիտը» պիեսի հիմքում ընտանիքի պահպանման խորհուրդն է»,- ասել է Արեն Օսիպյանը։

 

Facebook
Twitter
Telegram
Print
Email