«ProfEye Challenge»-ը` հաղորդակցությունների ոլորտում միջազգային երկու կարևորագույն մրցանակաբաշխությունների եզրափակչում

Երևան քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանն ուղղված “ProfEye Challenge” նախագիծն արժանացել է հաղորդակցության ոլորտի միջազգային մասնագիտական ժյուրիի բարձր գնահատականին:
SPRING PR ընկերության գործընկեր Հայաստանում ալյումինե դռների, պատուհանների և ապակե կոնստրուկցիաների առաջատար արտադրող PROFAL ընկերության նախաձեռնած “ProfEye Challenge”-ը վերջերս SPRING-ի թիմի կողմից ներկայացվել է PR հաղորդակցությունների ոլորտում միջազգային երկու կարևորագույն մրցանակաբաշխություններին՝ Համաշխարհային հաղորդակցության ֆորում ասոցիացիայի (WCFA) “Davos Communications Award”-ին (2021) և PR-ի միջազգային ասոցիացիայի (IPRA) “Golden World Awards”-ին (2020) և հայտնվել եզրափակիչ փուլում:
«Ուրախ ենք, որ մեր ընկերության կողմից մրցանակաբաշխություններին ներկայացված նաև այս նախագիծն է դուր եկել միջազգային ժյուրիին: SPRING PR ընկերությունը կարևորում է նման հարթակներում ներկայացվածությունը երկրի, մեր կողմից իրականացվող նախագծերի հանրայնացման, և միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման առումով»,-ասում է SPRING PR ընկերության համահիմնադիր և միջազգային նախագծերի տնօրեն Տաթևիկ Սիմոնյանը:
“ProfEye Challenge”-ն իրականացվել է գործընկեր կազմակերպությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում` նպատակ ունենալով ճանաչելի դարձնել Երևանի ու Հայաստանի պատմամշակութային կառույցները, ինչպես նաև նպաստել հանրության և մասնագիտական շրջանակների առավել լայն ներգրավվածությանն արժեքավոր կառույցների պահպանման գործում: Տաթևիկ Սիմոնյանի խոսքով՝ հանրության առջև հաշվետու և պատասխանատու գործունեությունը թե՛ իրենց, թե՛ իրենց գործընկերների առաջնահերթություններից է:
«Այս նախագիծը մայրաքաղաք Երևանի ու ընդհանրապես Հայաստանի հանդեպ մեր տածած մեծ սիրո վկայությունն է: Նմանատիպ նախագծերով փորձ է արվում երկխոսության նոր մշակույթ ձևավորել հանրության և տարբեր ճարտարապետական նախագծեր իրականացնող անհատների, ընկերությունների ու կառույցների միջև: Ձգտում ենք նաև բարձրացնել ներդրողների հետաքրքրվածությունը պատմամշակութային արժեք ներկայացնող շինություններին երկրորդ կյանք տալու հարցում»,-ասում է PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը:
Համաշխարհային հաղորդակցության ֆորում ասոցիացիայի (WCFA) նախագահ Մաքսիմ Բեհարը հույս է հայտնում, որ նմանատիպ նախագծեր կիրականացվեն աշխարհի տարբեր քաղաքներում:
«Միջազգային ժյուրիի կազմում ներգրավված իմ կոլեգաները համակարծիք են, որ “ProfEye Challenge”-ը շատ նորարար, միևնույն ժամանակ՝ օգտակար նախագիծ է, որը կարող է դառնալ լավ օրինակ տարբեր քաղաքների համար, որոնք կարող են հետևել Երևանի փորձին: Իմ հարուստ փորձը թույլ է տալիս ասել, որ PR գործակալության ներգրավվածությունը նման նախագծերում առանցքային դերակատարում ունի: Կցանկանայի շնորհավորել SPRING PR ընկերության իմ գործընկերներին և նրանց ցանկանալ նորանոր հաջողություններ հետագա միջազգային մրցանակաբաշխություններում»,-նշում է Մաքսիմ Բեհարը:
Միջազգային ժյուրիի հավանությանն ու գնահատանքին արժանացած “ProfEye Challenge”-ն առաջին մարտահրավերը հաջողությամբ իրականացվել է 2019 թվականին, որին մասնակցել են թե՛ երիտասարդ, թե՛ ավագ սերնդի դիզայներներ ու ճարտարապետներ Հայաստանից:
Արդյունքում ներկայացվել է 14 նախագիծ՝ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղակայված Մամուլի շենքի արտաքին տեսքի ռեստավրացիայի տեսլականով: Առաջին երեք հորիզոնականը զբաղեցնող նախագծերն ընտրվել են առցանց բաց քվեարկությամբ, մյուս երկուսին ընտրել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեն և ԶԼՄ ներկայացուցիչները:

Facebook
Twitter
Telegram
Print
Email