Ֆրանսիայում կարգելվի թուրքական ազգայնական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը

Այսօրվանից պաշտոնապես կարգելվի թուրքական ազգայնական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում։ Այս կարևոր որոշման մասին այսօր ՀՀ  Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին է տեղեկացրել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը:

Հանդիպման ընթացքում Թաթոյանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ պարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։
Բացի այդ, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ցավակցությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին Նիցցայի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ և դեսպանին  մտահոգություն հայտնել վերջին օրերին Ֆրանսիայում էթնիկ հայերի դեմ ատելության հիմքով իրականացված ակցիաների առնչությամբ՝ կարևորելով հայերի անվտագության և իրավունքների պաշտպանության հարցերը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժ․ Լաքոտը խստորեն դատապարտել է էթնիկ հայերի դեմ վանդալիզմի և հարձակման դեպքերը և տեղեկացրել, որ այսօր Ֆրանսիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել արգելել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» («Բոզքուրթ») կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում՝ ծայրահեղ ազգայնական գործունեություն ծավալելու և վերջին շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի էթնիկ հայ քաղաքացիների և Հայաստանի քաղաքացիներ դեմ հարձակումներ գործելու, ատելություն հրահրելու կոչեր անելու համար։

Հանրահայտ փաստ է, որ ինչպես 2016 թվականին Ապրիլյան պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա Արցախում խոշտանգումները, վայրագություններն ու դաժանությունները ադրբեջանական զինված ուժերի կազմում կատարում են թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները կամ իրականացվում է նրանց մեթոդներով։
Արման Թաթոյանը հանդիպման ավարտին իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել դեսպանին այս կարևորագույն որոշման համար:

Facebook
Twitter
Telegram
Print
Email