Երբ թուրքերը երգում են ԿՈՄԻՏԱՍ. կայացավ «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Մոսկվա կինոթատրոնում կայացավ Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի երևանյան պրեմիերան:
Ֆիլմը ստեղծվել է օսկարակիր պրոդյուսեր ու «Կանաչ գիրքը» ֆիլմի համահեղինակ Նիկ Վալելոնգի (Vallelonga Productions-ից) ու Ասկո Հակոբյանի (Oscar Gold Productions-ից) հետ: 
Սցենարի հեղինակը Օդրի Գևորգյանն է, հիմքում՝ Սիրվարդ Կավուկչյանի կողմից գրված իրական  պատմությունները. պատմական դրաման  Օսմանյան կայսրությունում 1881 – 1915 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների, մեծ հայ կոմպոզիտոր Կոմիտասի, ինչպես նաև հայերի և թուրքերի մանկական ընկերության մասին է, որը դաժանորեն ընդհատվել է համիդյան ջարդերի պատճառով:
«Սողոմոնի երգերը» ֆիլմի հեղինակ Արման Նշանյանը պնդում է՝ իր համար սկզբունքային էր, որպեսզի ֆիլմի պրեմիերան կայանա Հայաստանի Հանրապետությունում: 
«Այս ֆիլմը նկարահանված է հայ ազգի համար: Շատ կարևոր է,  որպեսզի մանուկները և երիտասարդները հասկանան մեր պատմությունը և գիտակցեն, թե ինչ է կատարվել: Պատմությունը, բնականաբար, գրվում է գրքերում, սակայն  երբեմն մոռացվում է, չի ընթերցվում: Մեր պատմությունը, որպես մարդ՝ ոչ որպես հայ, պահպանվում է ֆիլմերով. 20 տարի կամ 150 տարի հետո մարդիկ կարող են նայել այս ֆիլմերը և հասկանալ իրականությունը, ծանոթանալ պատմությանը: Ֆիլմի մշակույթի շնորհիվ մենք պետք է այդ պատմությունը թողնենք»:
Երևանյան պրեմիերային ներկա էր նաև  Ֆիլմի պրոդյուսեր Նիկ Վալելոնգին, ով նշեց, որ ազգությամբ հայ մանկության ընկերներ ունի և դեռ 12 տարեկանից է ծանոթ հայկական մշակույթին և սիրով է ընդունել ֆիլմի շրջանակում համագործակցելու առաջարկը:
«Ես հպարտ եմ, որ այս ամենի մասնակիցն եմ: Ֆիլմը յուրահատուկ պատմություն ունի, որը պետք է լսելի դառնա ողջ աշխարհում: Այն, ինչ կատարվել է չպետք է մոռացվի. մարդիկ պետք է տեղեկացված լինեն նման իրողություններին: Սա է, թերևս, գլխավոր պատճառը, որ ես համաձայնեցի ներգրավվել այս ֆիլմում»:
Ֆիլմի հերոսներից և Սողոմոնի լավագույն ընկերներից մեկը ազգությամբ թուրք Սեվիլն է, ով վտանգում է իր ու իր ընտանիքի կյանքը՝ կրոնական հողի վրա հետապնդվող լավագույն ընկերուհուն փրկելու համար։  Հերոսուհուն մարմնավորած Արևիկ Գևորգյանն ուրախ է, որ ֆիլմի միջոցով հնարավորություն է ընձեռնվում ճանաչել Վարդապետին նաև մանկության տարիքում և հասկանալ նրան երգերի միջոցով:
«Ֆիլմում շատ  լավ ներկայացված է լուսավոր և կենսուրախ մանուկ Սողոմոնը, որն իր առաջին քայլերն է անում դեպի Մեծ բեմ: Կան ստեղծագործողներ և ստեղծագործություններ, որոնք ժամանկից դուրս են. Կոմիտասը՝ համամարդկային է, ժամանակից դուրս…»:
Սողոմոնը հաճախ է լռում: Ֆիլմն ուղեկցվոմ է նրա ստեղծագործություններով՝ ընդգծելով նրա ներկայությունը. սա է ֆիլմի ուղերձը:  Պատմությունն ավարտվում է Կոմիտասի վերջին ծուղակ համերգով. դահլիճում թուրքերն են, նրանք բոլորը երգում են ԿՈՄԻՏԱՍ…. 

Նշենք, որ «Սողոմոնի երգերը» ֆիլմում Վարդապետին մարմնավորել է Սամվել Թադևոսյանը: Ֆիլմում նկարահանվել են՝ Արևիկ Գևորգյանը, Տաթև Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանն ու Ժան-Պիեր Նշանյանը։ Ֆիլմի գործադիր պրոդյուսերը Կարո Կավուկջյանն է։ Ի դեպ, «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխությանը«Սողոմոնի երգերը» ֆիլմը Հայաստանը ներկայացրել էր  «Միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email