SPRING PR-ը ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակը

SPRING PR-ը նոր հուշագիր է ստորագրել եվրոպական M3 Communications Group, Inc ընկերության հետ՝ նպատակ ունենալով հայկական բիզնեսներին հնարավորություն տալ նոր իրականությունում ռազմավարական ու արդյունավետ հաղորդակցություններով ներկայանալ իրենց համար հետաքրքիր եւ հեռանկարային արտաքին նոր շուկաներում:
Մաքսիմ Բեհարի հետ մեր համագործակցությունը սկսվել է դեռեւս 2016 թվականին, անդրադառնալով համագործակցությանը, Banks.am-ի հետ զրույցում նշել է SPRING PR ընկերության համահիմնադիր, հաղորդակցությունների ու միջազգային նախագծերի ղեկավար Տաթեւիկ Սիմոնյանը.
«Մաքսիմ Բեհարին հրավիրել էինք Երեւան՝ «SPRING PR» ընկերության եւ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) կողմից Երեւանում կազմակերպած «Բիզնես, հաղորդակցություն եւ թվային աշխարհ. Հայաստան 2016» գիտաժողովին: Այնուհետեւ 2017 թվականին կրկին առիթ ունեցանք միասին աշխատելու այս անգամ արդեն Շվեցարիայի Ժնեւ քաղաքում անցկացվող «Ապագայի հաղորդակցություններ Դավոս (C4F Davos) 2017» մրցանակաբաշխության շրջանակում: Ուրախ եմ, որ մեր գործընկերային հարաբերություններն ամրապնդում ենք Մաքսիմ Բեհարի գլխավորած բուլղարական M3 Communications Group, Inc-ի հետ նոր համագործակցությամբ եւ կարող ենք օգնել հայաստանյան բիզնեսների զարգանալ ու կայանալ արտաքին շուկաներում՝ օգտագործելով մեր մասնագիտական ներուժն ու փորձառությունը»:
«Հասարակայնության հետ կապերի գործունեությունն այս օրերին ավելի քան երբեւէ միջազգային բնույթ է ստացել՝ դադարելով կրել սոսկ լոկալ բնույթ եւ հատելով աշխարհագրական սահմանները: Ուստի մենք, սերտ համագործակցելով մեր հայաստանյան գործընկեր SPRING PR-ի հետ, մեծ ուրախությամբ եւ պատրաստակամությամբ աջակցություն կցուցաբերենք Հայաստանի բոլոր այն ներդրողներին եւ առեւտրային բիզնեսներին որոնք կցանկանան իրենց գործունեությունը սկսել կամ շարունակել Բուլղարիայում»,- նշել է Մաքսիմ Բեհարը:
2020 թվականի հունիսին SPRING PR-ը համագործակցության հուշագրեր է ստորագրել Stratcomm Africa-ի եւ վրացական PR Consulting Group-ի հետ:

Facebook
Twitter
Telegram
Print
Email