Հայաստանում կանցկացվի աշխարհահռչակ «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» գիտական փառատոնը։ Փառատոնի շրջանակում Հայաստանը սեպտեմբերի 5-10-ը կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գիտնականների, տիեզերագնացների ու երաժիշտների:
Փառատոնին կմասնակցեն NASA-ի նախկին ղեկավար, տիեզերագնաց Չառլի Բոլդենը, ով մասնակցել է չորս տիեզերական առաքելությունների, տիեզերագնաց Չառլի Դյուքը, ով որպես «Ապոլոն 16»-ի լուսնային մոդուլի օդաչու 1972 թվականին դարձավ տասներորդ և ամենաերիտասարդ մարդը, ով քայլեց Լուսնի վրա: iPod-ի և iPhone-ի համաստեղծող և Nest Labs-ի հիմնադիրն ու նախկին գործադիր տնօրեն՝ Թոնի Ֆադելը ևս կմասնակցի փառատոնին: Ֆադելը միացել է Apple-ին 2001 թվականին՝ որպես ավագ փոխնախագահ: Ինժեներ, NASA-ի հայկական ծագումով տիեզերագնաց Ջիմ Բագիանը և 2017 թվականին ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած Քիփ Թհորը տասնյակ այլ գիտնականների, աստղաֆիզիկոսների, նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների հետ կմասնակցեն այս միջոցառմանը։ Երաժշտության ոլորտից փառատոնին կմիանան՝ Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Ռիք Վեյքմանը, Անդրեյ Մակարևիչը, Դերեկ Շերինյան և այլք:
Հիշեցնենք, որ STARMUS-ի փառատոնը կազմակերպվում է արդեն վեցերորդ անգամ՝ միևնույն գաղափարի շուրջ միավորելով հայտնի տիեզերագնացների, աստղագետների, Նոբելյան մրցանակակիրների, ականավոր գիտնականների ու պարզապես գիտությամբ ու Տիեզերքով հետաքրքրվողների: Փառատոնը կկայանա՝ սեպտեմբերի 5-10-ը: Մանրամասները՝ փառատոնի պաշտոնական ալիքում