Չնայած նրան, որ նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության պատճառով ստեղծված արտակարգ դրությունը խախտել է ամբողջ աշխարհի հասարակական, տնտեսական և հատկապես մշակութային ոլորտի բնականոն գործունեությունը, Հայաստանի մշակութային կյանքում հստակ քայլեր են արվում ինչ-որ կերպ ոլորտը ակտիվ պահելու նպատակով: Դեռ պանդեմիայի առաջին օրերին, ինչպես գիտեք, մի շարք թատրոններ հանդես եկան առցանց նախագծերով: Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Առականի» նախագիծը մեծ արձագանք ստացավ, ինչը նշանակում է, որ հանդիսատեսը սիրելի արտիստներից նոր և ավելի հետաքրքիր ծրագրերի ակնկալիք ունի: Իսկ նոր նախագիծն, իհարկե, չի ուշանա: Այս անգամ հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես գալու թատրոնի դերասան Վարշամ Գևորգյանը:
Yerevan Events-ին այս մասին հայտնեց Համազգային թատրոնի փոխտնօրեն Վիկտորյա Բագոյանը:
«Թատրոնն այս անգամ համագործակցում է «22 փրոդաքշն»-ի հետ, որի արդյունքում նոր հետաքրքիր ձևաչափ ունեցող նախագծով ենք ներկայանալու: Ի դեպ նախագիծը կրկին իրականացնելու ենք ԿԳՍՄ նախարարության օժանդակությամբ: Գաղափարը Վարշամ Գևորգյանի մոտ համավարակի առաջին իսկ օրերին էր առաջացել, ըստ որի ընտրվել էր գրական գործ, ապա դերաբաշխում արվել. դերասաններից ամեն մեկն ինքն իրեն նկարահանել է տվյալ տեսարանում: Հետո արդեն այդ տեսանյութերն ուղարկել են Վարշամին, որպեսզի մոնտաժվի ու վերջնական տեսքի բերվի»,-ասաց թատրոնի փոխտնօրենը:
Նախագծի հիմքում ներկայացված է Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վիպակը, որտեղ տոհմածառի վրա ներկայացված են պատմություններ հոր, մոր, եղբոր, հորաքրոջ մասին և ոչ միայն:

Նախագծի հեղինակ դերասան Վարշամ Գևորգյանն ասում է՝ սա կինո չէ, գուցե նոր ժանրի նախատիպ է, հետաքրքիր մտահղացում, որ ծնվել է մեկուսացումից:
Այս ծրագրի նպատակը մեկն է՝ անգործ չմնալ ու չլճանալ: Սա հնարավորություն է, որպեսզի մեր սիրելի դերասաններն իրենց փորձեն ինքնուրույն ստեղծագործական պրոցեսում և փորձեն իրենց որպես ռեժիսոր, օպերատոր և նաև որպես տեխնիկական մասնագետ:
Նախագծի ռեժիսորը կարծում է, որ սա նաև անկեղծանալու հնարավորություն է. երբ ոչ ոք չկա և դերասանը մենակ է՝ ինչպիսին կլինի նրա մոտեցումը:

Լուսանկարը ՝ «Հաղթանակի գենեզիս» ներկայացումից
Թատրոնն այն վայրն է, որտեղ մարդիկ մի քանի ժամով կտրվում են առօրյա հոգսերից. այն կրթում է ու բարձրացնում հասարակության լայն հատվածի մտածողության մակարդակը: Ստեղծված պայմաններում արվեստագետի միակ ելքն ու հնարավորությունն առցանց հարթակում ինչ-որ կերպ մարդկանց առօրյան հաճելի դարձնելու փորձն է, և եթե այն ստացվի՝ այս նախագիծը ծառայել է իր նպատակին:
Համազգայինի բազմաթիվ միջոցառումներ ու նախագծեր հաջողել ու շարունակություն են ունեցել, սա էլ ստեղծվում է երկար կյանք ունենալու նպատակով: Վարշամ Գևորգյանն ասում է՝ ի վերջո, համավարակն ու դրանով պայմանավորված այս մեկուսացումը եթե շուտ էլ վերջանան, դրանց հետևանքները դեռ երկար հիշվելու են:
Համազգայինցիները, ինչպես և թատերասերները, կարոտել են թատրոն-հանդիսատես կենդանի շփմանը, սակայն վստահ են՝ ներկայացումների տեսագրությունները չեն փոխանցի այն էմոցիաներն, ինչպիսին կենդանի խաղն է:

Լուսանկարը՝ «Ազնավուր» համերգ ներկայացումից
Թատրոնի ստեղծագործական կազմը պատրաստ է նոր ձևաչափեր գտնել ու նոր նախագծերով հանդես գալ, սակայն համացանցում բեմադրություններ չեն տեղադրելու: Նախքան համավարակի պատճառով պարտադրված դադարը, Սոս Սարգսյանի անվան թատրոնում նոր ներկայացումների քննարկումներ ու փորձեր էին ընթանում. համազգայինցիները բեմադրում էին Վուդի Ալենի «Ճախրող լամպերն»-ը, որն արդեն պատրաստ էր հանդիսատեսի դատին հանձնելուն: Դրան, իհարկե, անդրադարձ կլինի, սակայն շուտով հանդիսատեսը կտեսնի այդքան սպասված իմպրովիզային տեսա-ներկայացումը: