TikTok թե՞ Facebook. սերունդների բախումը համացանցում

Համացանցը բոլորիս առօրյայի ու զվարճանքի, ազատ ժամանակն անցկացնելու մի մասն է, սակայն կան նաև մարդիկ, որոնց աշխատանքն անմիջապես կապված է հենց համացանցի հետ, իսկ բիզնեսով զբաղվող մարդկանց համար որոշ սոցիալական կայքեր գործիք են:
Վերջին տարիներին ամենամեծ տարածում ունեցող facebook սոցիալական կայքում արդեն սերունդների միջև անդունդ է առաջանում, քանի որ մեծահասակները, որոնք FB-ում քաղաքական թեժ պայքարների մեջ են, տեղյակ էլ չեն, թե ինչով են զբաղված ուսանողները Instagram-ում և դպրոցականները TikTok, Likee սոցցանցերում։ Այս մասին աշխարհի բազմաթիվ մեդիափորձագետներ իրենց վերլուծությունն են արել՝ իրենց երկրի կամ բնակության վայրի մասշտաբով:
Հայսատանում սոցցանցային կյանքի իր վերլուծությունն է արել մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը.
«Իրավիճակը փոխվել է, ֆեյսբուքը սկսել է լճանալ։ Փաստացի, այստեղ լսարանը երկար ժամանակ է, ինչ չի աճում։ Իրականում, դեպի Ֆեյսբուք, ամենայն հավանականությամբ, դեռ կա ներհոսք։ Սակայն նույնչափ էլ կա արտահոսք․ երիտասարդությունը լքում է այս հարթակը»,-իր անդրադարձում նշել է փորձագետը։
Մարտիրոսյանն դիտարկելով ֆեյսբուքի չափահաս լսարանը նկատում է, որ վերջին երեք տարում կան ակնհայտ փոփոխություններ:
2017 թ. հունվարին տարիքների բաշխումը ֆեյսբուքում այսպիսի տեսք ուներ․ 18-24 տարեկան կանայք օգտատերերի 27%-ն էին կազմում, տղամարդիկ՝ 32%։

Ներկա պահին իրավիճակը լուրջ փոխվել է․ Ֆեյսբուքից օգտվող 18-24 տարեկանների քանակը զգալի նվազել է։

Երիտասարդների թիվը Ֆեյսբուքում նվազել է։ Անչափահասների արտահոսքն էլ ավելի մեծ է։ Ֆեյսբուքն ավելի ծեր է դարձել։ Աճ կար ինստագրամում, որը սակայն դանդաղել է։
Իսկ ահա պայթունային աճ ունեցող ցանցը TikTok-ն է։ Այն արդեն ամիսներ շարունակ ոչ միայն աշխարհում, այլ նաև Հայաստանում դիրքավորվել է ամենաշատը ներբեռնվող հավելվածների շարքում։

Անդրոիդ հեռախոսների համար սոցիալական հավելվածների ռեյթինգը Հայաստանում՝ ըստ Similarweb-ի

Եթե մեկ տարի առաջ TikTok֊ի մասին խոսում էին որպես դպրոցականների հարթակ, ապա տվյալ պահին այստեղ արդեն լուրջ ներհոսք է նկատվում այլ տարիքային խմբերից։ Եթե անցյալ տարի Ինստագրամն էր Ֆեյսբուքից արտագաղթելու հիմնական հարթակը, ապա մոտակա ժամանակ TikTok-ը կարող է բավականին մեծ լսարան գրավել այլ սոցիալական մեդիա հարթակներից:
Մասնագետը նաև նշում է, որ սա միայն հարթակների փոփոխության հարց չէ։ Նաև տեղեկատվության սպառման հարց է․ տեսանյութերը ավելի ու ավելի մեծ դեր են ստանում ու ստանալու սոցիալական մեդիայում։ Այնպես որ, սովորությունների ընդհանուր փոփոխությունը մի կողմից, TikTok-ը՝ մյուս, կհանգեցնեն նրան, որ վիդեոն ավելի մեծ պահանջարկ կունենա, ինչը իր հերթին կխթանի Յություբի զարգացմանը։
«Շարունակվում է լրատվականների և վիդեոբլոգերների աճը»,- Media.am-ի իր անդրադարձում նշել է Սամվել Մարտիրոսյանը, եզրափակելով,-« վլոգինգում կան բազմաթիվ ուղղություններ, որոնք Հայաստանում դեռ սպասում են իրենց վլոգերներին։ Զարգանալու տեղ կա»։

Facebook
Twitter
Telegram
Print
Email