Ռեփեր Թիմաթին լքել է «Black Star»-ը

Black Star պրոդյուսերական ընկերության հիմնադիր հանրահայտ ռեփեր Թիմաթին լքել է խումբը: Թիմաթին այս մասին գրառում է արել իր՝ ինստագրամի պաշտոնական էջում:
Նա նշել է, որ բազմաթիվ սեփական ծրագրեր ունի, և մի շարք հարցերի պատասխաններ հանրությունը կստանա՝ սեպտեմբերին թողարկվելիք նոր ալբոմը լսելով:
«Սա ինքնաբուխ որոշում չէ: Սա գործընկերների կշռադատված քայլ է, մարդկանց, որոնք միասին անցկացրել են ավելի քան 20 տարի, երկրի երաժշտական շուկան գլխիվայր շուռ են տվել և կառուցել են միակ հաջողված բրենդը՝ հիմնված երաժշտության վրա: Բրենդը հայտնի է դարձել ոչ միայն Ռուսաստանում, այլև երկրի սահմաններից դուրս՝ դռներ բացելով հարյուրավոր երիտասարդ անունների առաջ»,- ընդգծել է ռեփերը:

Ռեփերը նշում է, որ ետ նայելիս չի հավատում, որ «Black Star»-ը հիմնադրել է ինքնուրույն՝ առանց որևէ ներդրման:
«Այդ ժամանակ անհրաժեշտ էր ոչ միայն ինքս ինձ, այլև հարազատներիս և միջավայրին ապացուցել, որ մենք ինչ-որ բան արժենք: Այսօր «Black Star»-ը վերածվել է ընկերությունների մի խմբի: Ըստ իս՝ մենք կորցրել ենք գրավչությունը և կենտրոնացել ենք վիճակագրության վրա, առանց որի իրականում ոչ մի խոշոր ընկերություն չի կարող ապրել: Մեր գործում ցանկանում ենք լինել google, amazon, իսկ ինձ հոգեհարազատ է Իլոն Մասկի կոնցեպտը: Եթե, իհարկե, հասկանում եք, թե ինչ մասին է խոսքը»,- շեշտել է Թիմաթին:

Ռեփերը խոստովանել է, որ վաղուց է ցանկացել ամեն բան փոխել, ամեն ինչ նոր էջից սկսել: Նա վստահ է, որ իրեն մեծ փոփոխություններ են սպասում, և այդ սպասումն անհանգստացնող սարսուռ է առաջացնում:
Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ իր առաքելությունը «Black Star» երաժշտական լեյբլում ավարտված է, բայց ռեփերը պահպանում է իր մասնաբաժինը և իրավունքները «Black Star Burger», «Black Star Karting», «Black Star Car Wash» նախագծերում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email