Երբ 2014 թ.-ին Cartonn Network կինոընկերությունը հայտարարել էր, որ «Թոմ և Ջերի» մուլտսերիալի նոր՝ 11-րոպեանոց մասերը կրկնելու են նախորդ սերիաների հաջողությունը, գուցե չէր կանխատեսել 2021թ.-ի փետրվարի 26-ը, որին սպասում է ամբողջ աշխարհը: Այո, հենց այդ ամսաթվին է նախատեսված «Թոմ և Ջերի» ֆիլմի պրեմիերան:
Լավ թշնամիները, բայց վատ ընկերները, ինչպես նրանց կոչում են մուլտֆիլմի սիրահարները, այս անգամ հայտնվելու են աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Նյու-Յորքում: Իսկ, որ ամենակարևորն է, մուկն ու կատուն կրկին լինելու են թղթի վրա նկարված, իսկ նրանց շրջակա միջավայրը և մարդիկ՝ իրական:

Նյու-Յորքի ամենամեծ ու շքեղ հյուրանոցներից մեկ է ժամանում Ջերին, որտեղ պետք է կայանա «դարի հարսանիքը»: Ջերիի ժամանումը դուր չի գալիս հյուրանոցի՝ Քայլի անունով աշխատակցուհուն և նա դիմում է Թոմի օգնությանը: Ըստ այդ աշխատակցուհու՝ Թոմը պետք է ազատվի Ջերիի ներկայությունից, քանի որ մկնիկը կարող է վտանգել սպասվող կարևոր իրադարձությունը:

Warner Bros. Pictures կինոստուդիան նախապես հայտարարել էր, որ ֆիլմի պրեմիերան պիտի կայանա մարտի 4-ին, հաշվի առնելով նաև Covid-19-ի նոր ալիքի տարածումը, սակայն ինչպես երևում է, քննարկումների արդյունքում նախանշված օրը տեղափոխվել է այս ձմռան վերջ: Ի ուրախություն շատերի ձմռան վերջին օրերը հետաքրքիր կլինեն նաև Հայաստանում, քանի որ ֆիլմը ցուցադրվելու է նաև երևանյան կինոթատրոններում:
