Մշակույթը հաղթում է ցանկացած պատերազմում. Լուսինե Սահակյան

«Մշակույթը հաղթում է ցանկացած պատերազմում, հուսով եմ՝ նաև այս: Մի փոքր էլ համբերեք և կհանդիպենք՝ այս պատերազմում էլ հաղթանակած»,- ասում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանն՝ ի պատասխան սիրելի հանդիսատեսի կարոտով լի նամակներին:
Արտակարգ դրություն կոչվող պատերազմում Աբելյան թատրոնն իսկապես հաղթող է. այս ընթացքում թատրոնն իրականացրել է առցանց հեռարձակումներ՝ փորձելով պահել կապը հանդիսատեսի հետ։ Թատրոնի տնօրենը փաստում է ՝ դիտումների թիվը գերազանցել է սպասելիքները՝ շուրջ 35 հազար հանդիսատես և առցանց ցուցադրված մեկ տասնյակի հասնող ներկայացումներ՝ «Ռուզան», «Չար ոգի», «Արյունոտ հարսանիք», «Լիր արքա», «Ես միայն զանգահարելու եմ եկել» և այլն։

Հանդիսատեսն իսկապես կարոտում է թատրոնը. փաստում են սոցցանցերում արվող մեկնաբանությունները։
«Առցանց տիրույթում մրցունակ լինելն, ինչ խոսք, կարևոր է, բայց հաշվի առնելով, որ թատրոնը կենդանի արվեստ է, հնարավոր չէ ամեն բան կազմակերպել լիարժեքորեն և լիովին՝ առանց հանդիսատեսի հետ կենդանի շփման, կարծում ենք, որ արդեն իսկ անհրաժեշտ է վերսկսել աշխատանքը հանդիսատեսի համար՝ պահպանելով պարետատան կանոնները և անվտանգության բոլոր նորմերը համավարակի շրջանում»,- նշում է Լուսինե Սահակյանը, ընդգծելով, որ մշակույթին է վերապահված հանրությանը սթրեսային վիճակից հանելու փրկօղակի դերը, Բացի դա՝ դերասանական, գեղարվեստական համակազմը կարիք ունի լավ մարզավիճակում լինելու։

Թատրոնի տնօրենն ընդգծում է, որ իրենց թատրոնի բակն ունի եզակի հնարավորություններ՝ բացօթյա ներկայացումներ խաղալու.
«Այս պահին ընթանում են երկու բացօթյա ներկայացման փորձեր։ Հաշվի առնելով, որ շատ դժվար է, երբ գոյություն ունեցող ներկայացումն է հարմարեցվելու բացօթյայի պահանջներին, որոշել ենք ներկայացում ստեղծել հենց բակի համար»։
Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» ստեղծագործության մոտիվներով ներկայացում է պատրաստվում հանդիսատեսի դատին հանձնել թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։ Ներկայացումը պլանավորվում է խաղալ Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այգում։
«Արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ, իսկ ավարտական փորձերը և ներկայացումը Զորյանի այգում մեկնարկելու թույլտվություն ակնկալում ենք ստանալ Վանաձորի քաղաքապետարանից»,-տեղեկացրեց Լուսինե Սահակյանը, հավելելով,- «Թատրոնի դերասան, բեմադրական մասի վարիչ Արամ Մխիթարյանը ցերեկային ներկայացում է պատրաստում բակի համար։ Մանկական ներկայացումը բեմադրված է վեց հեքիաթների մոտիվներով՝ «Մատնաչափիկ», «Մոխրոտը», «Սուտլիկ որսկանը», «Գեղեցկուհին և հրեշը», «Կոշկավոր կատուն» և «Բժիշկ Այբոլիտը»։
Բեմադրված են հատվածներ հեքիաթներից՝ երաժշտական և պարային անցումներով։ Ի դեպ, հանդիսատեսին շատ հետաքրքիր վերջաբան է սպասվում «Բժիշկ Այբոլիտը» բեմադրության ավարտին»:
Երկու ներկայացումներն էլ շուտով պատրաստ կլինեն, իսկ թե երբ կհանձնվեն հանդիսատեսի դատին, թատրոնի տնօրենն նշեց, որ դա կախված կլինի միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ պարետի և ԿԳՄՍ նախարարության որոշումներից։

Ի դեպ, Վանաձորի թատրոնը պատրաստվում է նաև հյուրընկալությոան. օգոստոսի 8-ին «Արմմոնո» բացօթյա-առցանց ձևաչափով փառատոնի ընթացքում կներկայացվեն Գրիգոր Նարեկացու «Մատյանը»՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի մատուցմամբ, և Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» ստեղծագործությունը՝ գրված «Վենետիկի վաճառականը» պիեսի հիման վրա, որտեղ Շեյլոկի դերում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանն է։

Աբելյան թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանն անդրադարձավ նաև թատրոնի վերանորոգման հարցին, նշելով, որ օգտագործելով արտակարգ դրության ժամանակահատվածում առաջացած պարապուրդը, թատրոնի բեմը վերազինել են ինքնաշխատ սարքավորումներով:
«Դա զգալիորեն կհեշտացնի հանդիսատեսի, և ոչ միայն հանդիսատեսի, համար անտեսանելի, բայց իրականում բավականին բարդ աշխատանքը, որ միայն արվեստի մարդկանց բնորոշ նվիրումով կատարել և կատարելու են բեմադրական մասի վարիչն ու բեմի մոնտաժողները։ Այնպես որ այս պատերազմի ավարտին մենք վերազինված ու լիցքավորված կդիմավորենք մեր սիրելի հանդիսատեսին»:

Հիշեցնենք, որ Աբելյանցիները հանդես կգան նաև հեռուստաթատրոնի ադապտացիոն տարբերակով՝ թատերական խաղը զուգակցված ժամանակակից տաղավարային նկարահանմամբ, որի մասին արդեն տեղեկացրել ենք:

Facebook
Twitter
Telegram
Print
Email