Կյանքից հեռաղել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը

Հունիսի 13-ին 79 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:
Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է 1942 թ. սեպտեմբերի 9-ին Թբիլիսիում: 1946 թ. տեղափոխվել է Երևան:
1964 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1964-66 թթ. աշխատել է Զանգեզուրի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: 1966-68 թթ. եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան: 1968-70 թթ. սովորել է Մոսկվայի հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն դասընթացում: 1970-93 թթ. աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ. Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Ե. Շվարցի «Թագավորը մերկ է», Պ. Զեյթունցյանի «Մեծ լռություն» և այլն: Նկարահանվել է բազմաթիվ հայկական և արտասահմանյան ֆիլմերում` «Ադամանդե ձեռքը» (1968 թ.), «Տղամարդիկ» (1972 թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1977 թ.), «Օտար խաղեր» (1986 թ.), «Երեքի սրտերում» (1992 թ.), «Ուրախ ուղևորություն» (1994 թ.), «Ծովահենների կայսրությունը» (1994 թ.), «Մեր բակը» (1996 թ.), «Կոմսուհի դը Մոնսորո» (1997 թ.), «Ռոքսոլանա» (1998-2003 թթ), «Կախարդի յոթերորդ մատանին» (1998 թ.), «Սերը չար է» (1999 թ.), «Մեր բակը 3» (2006 թ.), «Պոպրիշչին» (2007 թ.), «Մի՛ նայիր հայելուն» (2009 թ.), «11:41» (2015 թ.) և այլն: 1994 թ. եղել է հեռուստատեսային տարբեր նախագծերի մասնակից, 2008 թ.՝ Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ:
Ռաֆայել Քոթանջյանը 1980 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003 թ.` Ժողովրդական արտիստի կոչումներին, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և «Մովսես Խորենացի» շքանշանի, 2009 թ.` Գյումրու «Պատվո և նվիրվածության» շքանշանի, 2017 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Ռաֆայել Քոթանջյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Քոթանջյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախագահությամբ:
Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. հունիսի 15-ին՝ ժամը 17:30-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին՝ ժամը 11:00-13:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից:

Facebook
Twitter
Telegram
Print
Email