համերգ

Բացօթյա համերգ Երևանում՝ ի աջակցություն Բեյրութի

Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ ու ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ Ազգային ժողովի հյուրընկալ այգում կկայանա Վերդիի «Տրավիատա» օպերայի համերգային կատարումը: Միջոցառման ողջ հասույթը կտրամադրվի Բեյրութում աղետից տուժած մշակութային կենտրոնների վերկանգնմանը: Հավաքված գումարը կկրկնապատկվի ՀԲԸՄ-ի կողմից:
Վերդիի ամենահայտնի այս փարիզյան սիրո պատմության գլխավոր հերոսներն են՝ միջազգային ճանաչում ունեցող օպերային աստղեր Լիանա Ալեքսանյանը (Վիոլետա Վալերի), Լիպարիտ Ավետիսյանը (Ալֆրեդ Ժերմոն) և Իլյա Սիլչուկովը (Ժորժ Ժերմոն):
Այլ դերերում հանդես կգան Նարինե Անանիկյանը (Ֆլորա), Հովհաննես Անդրեասյան (Գաստոն), Աշոտ Ղանթարջյան (Բարոն Դյուֆոլ), Պողոս Բիազբեկյան (Մարկիզ դ’Օբինյի), Հովհաննես Ներսեսյան (Բժիշկ Գրենվիլ), Լուսինե Օրդուխանյան (Անինա):
Օպերայի «Փարիզյան հասարակությանը» կներկայացնի Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):
Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:
Միջոցառման ժամանակ կպահպանվեն հակահամաճարակային բոլոր պայմանները: Տոմսերը վաճառվում են առցանց:

Facebook
Twitter
Telegram
Print
Email